Հիմա երևի ընդհանրապես չպետք է տուն գնամ

Հիմա երևի ընդհանրապես չպետք է տուն գնամ

Ճի՞շտ է, որ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների միավորման իրական նպատակը Սերժ Սարգսյանի դիրքերն ապագայում անառիկ պահելն է եւ, ի դեմս Ձեզ՝ իր «հավատարիմներից» մեկի, մարզերի «պրիստավ» ունենալը. մեր հարցը երեկ բավական ուրախացրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: «Մարզերի պրիստավ կարգելն ինձ համար մի քիչ անհասկանալի ձեւակերպում է, մարզերում մարզպետներն են, իրենք աշխատում են, ես ի՞նչ,- պատասխանեց նա:- Եթե ինձ առաջարկեն նախարար, ես ունեմ իմ աշխատելու ձեւն ու ոճը, դա ի՞նչ է նշանակում՝ պրիստավ… եթե ինձ նշանակեն, ուրեմն եթե ես գիշերվա 11-ին էի գնում տուն, հիմա երեւի ընդհանրապես չպետք է տուն գնամ, վազվզեմ: ԱԻՆ ամենակարեւոր գործառույթներից մեկը դա քաղաքացիական պաշտպանությունն ու բնակչության պաշտպանությունն է, բոլոր մարզպետները համարվում են քաղաքացիական պաշտպանների երաշխավորները, ԱԻՆ վարչության պետերն իրենց տեղակալներն են, իսկ քաղաքացիական պաշտպանությունը դա նշանակում է աղետների, ռիսկերի նվազեցում»:



Մինչդեռ քաղաքական կուլիսներում կառուցվածքային այս փոփոխությունը եւ նախկին ոստիկան, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հավանական նշանակումը բացատրում են ուժային այլընտրանքային նոր կառույցի ձեւավորման եւ առաջիկա ընտրություններին մարզերը վերահսկողության տակ պահելու տեսանկյունից: «Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ ոստիկանները հսկելու համար են, ամեն մարդ իր գործառույթներն ունի, եւ ես կարծում եմ, որ այդ նախարարությունն ամենածանր նախարարություններից մեկն է լինելու, եւ այնտեղ պետք է աշխատել, աշխատել եւ, մեկ անգամ եւս՝ աշխատել»: Դրա համա՞ր էր Ձեր տրամադրությունն ընկել կառավարության նախորդ նիստին, երբ հայտնի դարձավ այդ նախարարությունների միավորման մասին. մեր այս հումորով դիտարկումից նախարարը լրջացավ. «Չէ, չէ, ես ընդհանրապես քիչ եմ ժպտում»:



Երիցյանը չցանկացավ պատասխանել, թե սուպերնախարար դառնալուց հետո ինչ հանձնարարական է տալու մարզպետներին, եռյակի՝ մարզերում շտաբներ բացելու քայլին ի պատասխան: «Եկեք «եթե»-ներով չխոսենք, որովհետեւ ես դեռ արտակարգ իրավիճակների նախարարն եմ եւ չեմ նշանակվել ինչ-որ մի այլ պաշտոնի»: