Կարող ա խմած են եղել, ոտերները սոթ է տվել, մի տեղ ընկե՞լ են

Կարող ա խմած են եղել, ոտերները սոթ է տվել, մի տեղ ընկե՞լ են

Իշխանությունը տապալելու գործին լծված ազատամարտիկների` Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի նկատմամբ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած բռնության մասին հակասական տեղեկություններ տարածվեցին: Նախ պարզվեց, որ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանի թիկնապահներն են եղել բռնություն կիրառողները: Իրենք՝ ազատամարտիկները, երեկ ողջ օրն ընդհատակ էին անցել եւ չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին ու ոչ էլ հայտարարությունների տեսքով պարզաբանում իրականությունը, սակայն Երանոսյանն էլ իր հերթին երեկ մեզ հետ զրույցում «սուխոյ ատկազ» կանգնեց որեւէ միջադեպի եւ առավել եւս իր մարդկանց առնչության մասին:



Հիշեցնենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հաջորդ օրը պատմել էր, որ իր ազատամարտիկ ընկեր Ռազմիկ Պետրոսյանի հետ «Գետափ» ռեստորանում հաց ուտելուց հետո ավտոկայանատեղիում իրենց է մոտեցել 7-8 հոգանոց տղաների խումբ, որոնք, ազատամարտիկների կողքի «կուպեում» անսալով վերջինների զրույցին, իբր վրդովվել են եւ հաշիվ պահանջել իշխանությունների հասցեին հնչած վիրավորանքների համար: Տղաները, Եղիազարյանի խոսքով, հայտարարել են, որ նախագահն իրենց սրբությունն է, ու առաջացած քաշքշուկը կանխվել է միայն օբյեկտից վրա հասած մարդկանց միջամտությամբ: Եղիազարյանն այս ամենում քաղաքական ենթատեքստ էր տեսել՝ մեկնաբանելով, որ որեւէ պատահական քաղաքացի չէր ստանձնի իշխանությունների պաշտպանի գործը: Դեպքից հետո, երկու օր շարունակ, Մանվել Եղիազարյանը բոլոր լրատվամիջոցներին վստահեցնում էր, որ միայն երկուսով՝ ինքն ու Ռազմիկ Պետրոսյանն են գնացել մի կտոր հաց ուտելու, ասել էր նաեւ, որ չեն պատրաստվում ոստիկանություն դիմել, որովհետեւ «միմոս» չեն ու չեն վստահում այդ համակարգին: Սակայն ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին ակնարկեց, որ ինքն ավելի շատ բան գիտի, բայց թող ազատամարտիկներն անկեղծանան, թե ում հետ են սեղան նստել եւ ինչ չեն «կիսել» իրար հետ: «Խնդիր ունեն, թող գան՝ հայտարարություն տան, ոչ թե թերթերում հոդվածներ տպել տան»,- հայտարարեց նա:



Այդ հայտարարությունից ժամեր անց Լյովա Երանոսյանի ու նրա թիկնապահների մասնակցության լուրերը տարածվեցին, իսկ Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ, որ ինքն է ազատամարտիկներին՝ իր մարտական ընկերներին ռեստորան հրավիրել: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- դեպքի առնչությամբ ասել էր Երանոսյանը:



- Պարոն Երանոսյան, գուցե մանրամասնեք՝ ինչո՞ւ էիք հրավիրել Ռազմիկ Պետրոսյանին եւ Մանվել Եղիազարյանին, ի՞նչ եք քննարկել, եւ ինչո՞ւ մարտական ընկերների հետ հանդիպումն ավարտվեց ծեծկռտուքով, որի մասին մյուս կողմը լռում է, մինչեռ Դուք տվել եք Ձեր մեկնաբանությունը:



- Եկեք չզրուցենք էդ հարցով, եկեք մոռանանք, էլի: Իմ խնդրանքը ձեզ՝ մոռացեք էդ թեման:



- Դուք եք առաջինն այդ մասին խոսել, պարոն Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը մի քանի օր թաքցնում էին հանդիպմանը Ձեր մասնակցության փաստը, լավ կլինի Դուք ներկայացնեք, ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչո՞ւ էիք հրավիրել, թե՞ իրենք էին Ձեզ հրավիրել:



- Թող իրենք պատասխանեն էդ հարցերին: Ի՞նչ է եղել, ես սաղ օրն էլ սաղի հետ հանդիպում եմ, իրենք իմ զինակից ընկերներն են, ի՞նչ է նշանակում՝ ով է ում հրավիրել:



- Լավ, ինչո՞ւ նման միջադեպ տեղի ունեցավ, ինչո՞ւ են Ձեր թիկնապահները կամ ուղեկցող մարդիկ հաշիվ պահանջել Ձեր մարտական ընկերներից:



- Ես էլի եմ ասում՝ միջադեպ չի եղել, ազիզ ջան, սուտ են ասում, հարցրեք Ռազմիկին, հարցրեք, ասեք՝ միջադե՞պ է եղել ձեր մեջ, սուտ են ասում, էդ ասուխոսներ ա:



- Իսկ Դուք ինչի՞ առիթով եք ասել, որ եթե Ձեր ներկայությամբ նախագահին բան ասեն, ականջները կկտրեք: Այդ միջադեպի՞ն չի վերաբերել Ձեր մեկնաբանությունը:



- Ոչ, ազիզ ջան, ոչ, ոչ, ոչ: Ուրեմն ես նորից կկրկնեմ խոսքս, ես, լինելով ազգի գեներալ, որեւիցե մեկը եթե փորձի գերագույն հրամանատարի մասին արտահայտություն անի, ուրեմն ես եթե ուսադիրներ եմ կրում, ուրեմն պատասխան կտամ վերջին խոսքերով, եղա՞վ, ազիզ ջան:



- Այսինքն՝ այդ օրվա ձեր հանդիպումը նորմա՞լ է անցել, դուք ընկերական զրուցել եք ու ջերմ բաժանվել, ուրիշնե՞րն են նրանց մոտեցել:



- Սուտ են ասում, ըտենց բան չի եղել, կարող ա խմած են եղել, ոտերները սոթ է տվել, մի տեղ ընկե՞լ են: Զրպարտում են:



- Իսկ դուք միասի՞ն եք դուրս եկել այդտեղից:



- Չեմ պատկերացնում ինչի մասին ես դու խոսում:



- Հիմա դուք այդ օրը միասին հաց չե՞ք կիսել:



- Ես նորից եմ կրկնում՝ բոլորի հետ էլ նստում-կանգնում ենք, այսօր մեկս մեկիս հանդեպ հարգալից ենք, չգիտեմ ինչ ասուխոսներ տարածվեց ժողովրդի մեջ, ու սկսեցիք գրելը: Թող էդ ամեն ինչի մասին պարզաբանի իմ ընկեր Ռազմիկը, ես Մանվել կոչեցյալին մոտիկից էնքան էլ չեմ ճանաչում, թող Ռազմիկը՝ իմ զինակից ընկերը, եթե պահ կա, թող ասի: Սուտ են ասում, ըտենց բան չի եղել:



- Մանվել Եղիազարյանն է դեպքի մասին իր մեկնաբանությունները տվել…



- …Բոժե մոյ, ես չեմ էլ լսել, ինձ չի հետաքրքրում Մանվելն ինչ է ասել, ինչ չի ասել, բայց ես չեմ պատկերացնում, որ Մանվելը կարա իրան թույլ տա, որ իմ հասցեին որեւիցե մի վատ բան խոսի: Ես չգիտեմ էս ամեն ինչը որտեղից առաջացավ, սրանք զրպարտանքներ են:



- Իսկ ինչո՞ւ մեկ օր առաջ մեր գործընկերներին չէիք ասում, որ նման բան չի եղել:



- Ես նորից եմ ասում, ես կրում եմ ուսադիրներ, ու եթե որեւիցե մեկը փորձի գերագույն հրամանատարի հասցեին խոսի, ես պատրաստ եմ հայրաբար ապտակելու նրա դեմքին:



- Փաստորեն, ականջներ չեք պատրաստվում կտրել:



- Ազիզ ջան, այ չարաճճի, չի կարելի:



- Պարոն Երանոսյան, Դուք Ձեր խոսքում ոչ այնքան հարգալից արտահայտվեցիք Մանվել Եղիազարյանի մասին, կպարզաբանե՞ք, թե ինչ հրատապ հարց ունեիք քննարկելու այդ օրը:



- Ես ասում եմ, եթե Մանվելն իմ մասին է խոսացել, ես դրա համար եմ իրեն էդ բառով դիմում (նկատի ունի՝ «կոչեցյալ», Լ. Շ.), դու սխալներ մի գտի իմ բառերի մեջ:



- Ի վերջո, հստակ ասեք՝ ի՞նչ առիթով էիք հանդիպել եւ ինչպե՞ս բաժանվեցիք:



- Մենք միշտ էլ նստում ենք, հաց էլ ենք ուտում, նորմալ է, իմ մարտական ընկերներն են, մենք նորմալ բաժանվել ենք իրարից:



- Քաղաքական հարցեր չե՞ք քննարկել, իրենք չե՞ն իշխանության դեմ պայքար հայտարարել:



- Ձեզ են խաբել, ձեզ խա-բե-լեն: Իրանց մարտական ընկերն է այսօր գերագույն հրամանատարը, դուք եք խաբնվում: