Ի՞նչ լեզու ունի մարմինը

Ի՞նչ լեզու ունի մարմինը

Միջին մարդուն ես կվերածեմ միջին պարողի, այն պայմանով, որ ունենա որոշակի տվյալներ: Կսովորեցնեմ նրան՝ ինչպես շարժել ձեռքերն ու ոտքերը, ինչպես թեքել գլուխը, կայունություն և արագություն կփոխանցեմ շարժումներին, բայց չեմ կարող նրա մեջ վառել այն կրակը, սերմանել այն ընկալումը, այն շնորհն ու արտահայտչականությունը, որոնք իրական մնջախաղի հոգին են կամզում:



Ժան Ժորժ Նովերր



Այսպես է խոսել մնջախաղի մասին բալետի տեսաբան, ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի բալետմեյստեր Ժան Ժորժ Նովերրը:
<<Անհայտ ժամանակների մարդը>> վերնագիրն է կրում մանկագիր, մնջախաղի թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակած մոնոներակայացումը համանուն գրքի մոտիվներով, որի պրեմիերային ներկա եղա օրեր առաջ:
Երևանի մնջախաղի պետական թատրոնում ներգրավված լինելով <<Չարի ծաղիկներ>>,< <Գիրք ծաղկանց>>,<<Արդաղիոն>>,<<Խաղ>> և այլ ներկայացումներում՝ դերասանուհին ի վերուստ մնջախաղի հոգին փոխանցողն է, ում մարմնի պլաստիկան այս էլ քանի տարի ներկայացնում է հանդիսատեսին մեկը մյուսից բարդ կերպարների ներաշխարհը՝ ձուլելով իրականի և մտացածինի սահմանը:



Նոր մոնոներկայացումը յոթ նովելներից բաղկացած <<Անհայտ ժամանակների մարդը>> փոքրիկ գրքի շնորհանդեսի շրջանակներում էր, շնորհանդես, որն առանձնացավ իր ասելիքով Նաիրա Եդիգարյան արվեստագետի, մնջախաղացի մասին, ով, տաղանդավոր լինեով հանդերձ, երբեք չձգտեց փառատենչիկ ձևերի՝ լինելով միայն արարող:
Գիրքը լույսընծայվել է <<Զանգակ>> հրատարակչության մեկենասությամբ, ուր զետեղված նովելներն ընդերքի, երկրի, երկնքի ենթոլորտներն իրար միացնող փոքրիկ երկխոսություններ են մարդ-բնության, բնություն-մարդու միջև:
Նաիրայի նովելներում աներևակայելին դառնում է իրականություն, ու ընթերցողին ուղղորդում է հայացքը ներս հայելուն՝ բնության տարերքներին նոր բնույթ, նոր հուն հաղորդելով:



Մոնոներկայացումը հեղինակի իր իսկ ընթերցման մեկնությունն էր՝ զուսպ և առանց չափազանցության: Նովելների ժողովածուից բացի Նաիրան լուրջ հայտ է ներկայացրել նաև մանկագրության մեջ: Նրա գրչին են պատկանում նաև <<Իմ համով հայրենիք>>, <<Ջուրջուրիկը>>, <<Ձիուկ Վիվուկը>>, <<Իմ տատիկ Թամթիմարիան>> ժողովածուները:
Տարերային է նրա ընտրած ստեղծագործական ուղին, նրա բազմաժանր գործունեությունն առհասարակ, հախուռն, բայց և հոգենորոգ, բնաբուխ:



Արուսյակ Օհանյան
Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ