ԿԲ-Ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների» դեմ

ԿԲ-Ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների» դեմ

Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ դռնփակ նիստից հետո ֆինանսական շուկայում նկատվող փոքրիշատե կայունությունը եւ դոլարի դրամատիկ վայրէջքը օրենսդիրները համարում են իրենց հաղթանակը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը երեկ հայտարարեց, որ իրենց հրավիրած արտահերթ նիստից հետո գիշերն արդեն որոշում է կայացվել, որ պետք է գնալ իրավիճակը փրկելու ճանապարհով: ԿԲ-ում որոշվել է բանկերի դոլարային պահուստների պարտադիր չափը կրկնակի բարձրացնել՝ 12 տոկոսից դարձնելով 24. բանկերն իրենց ավանդների որոշակի տոկոսի չափով պահուստներ ունեն ԿԲ-ում:



Անցած օրերի իրարանցման եւ խուճապի պատճառն էլ մեր տնտեսության «թույլ իմունիտետն է՝ արտահանման եւ ներդրումների ծավալների պակասը, տրանսֆերտների քչությունը եւ, իհարկե, ֆինանսական համակարգի օպերատիվ կառավարման ցածր մակարդակը», իսկ այդ դեպքում դժվար է դիմակայել թե Արեւմուտքից, թե Արեւելքից ներթափանցած հոսանքներին: Հիշեցնենք, որ ԱԺ քաղաքական 6 ուժերը նախօրեին, մինչեւ ուշ երեկո՝ 22:30-ը, փակ նիստ էին անում Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված: ԱԺ էին հրավիրվել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ջավադյանն ստիպված է եղել մոտ հինգ ժամ ամբիոնի մոտ կանգնած պատասխանել պատգամավորների հարցերին, միայն վերջում է փոխարինման եկել նրա տեղակալ Ներսես Երիցյանը:



Թե ինչպես է հնարավոր եղել մեկ քննարկման արդյունքում գտնել լուծումներ, եւ ինչու էր առաջացել նախորդ օրերի իրավիճակը, երբ դրամը ժամ առ ժամ արժեզրկվում էր, իսկ արտարժույթի կուրսից թռնում էին ապրանքների գները, եւ ովքեր էին սպեկուլյացիա անում, Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջավադյանը հայտնել է, թե ԿԲ-ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների», հավանաբար՝ բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի նկատմամբ: «Իհարկե, անուններ չհնչեցին, բայց որ սպեկուլյատիվ մոմենտը բավական բարձր է եղել, դա ակնհայտ է»,- ասաց Մելքումյանը:



Մեր հարցին՝ եթե ԿԲ-ն չէր հովանավորում սպեկուլյանտներին, ինչո՞ւ ավելի վաղ չէր միջամտում, պատասխանեց. «Այո, իհարկե, Ձեր հարցը տեղին է, եւ երեկ էլ ես եմ ԿԲ նախագահին հարց տվել, թե արդյոք դուք ձեր գործունեության ընթացքում կաշկանդվա՞ծ եք, պատասխանը հնչել է՝ ոչ, որ օրենքի շրջանակներում իրենք գործում են: Դե, եթե գործում են, ուրեմն պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա»:
ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, կայունացման գործընթացը պայմանավորեց ֆինանսական շուկայում դոլարային մասսայի ավելացմամբ, ասաց, որ դոլար են հանել պահուստներից եւ ազատ վաճառքի դրել. «Իհարկե, հնարավոր չէ դա ավելի շուտ անել, քանի որ դու պետք է սպասես եւ հասկանաս, թե ինչ է կատարվում, նոր դեմն առնես»:



Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ փոխանցեց, որ դրամի արժեզրկումը ոլորտի պատասխանատուները բնական են համարել՝ պայմանավորել են այն ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով՝ Ռուսաստանում ռուբլու արժեզրկմամբ, իսկ ԱՄՆ-ում դոլարի դիրքերի ամրապնդմամբ, ինչպես նաեւ նավթի գնի անկմամբ, բայց ընդունել են նաեւ ներքին սպեկուլյացիայի առկայության տարրը: Մարուքյանը հայտնեց նաեւ, որ իրենց խնդրել են սեփական ընտրողներին հանգստության կոչ անել եւ խուճապի չմատնվել. «Երկրորդ, որ դրամի դիրքերը վերականգնվելու են, եւ թող չմտնեն սպեկուլյատիվ գործարքների մեջ եւ գումար կորցնեն»:



Երեկ կեսօրից հետո բանկերում դարձյալ հրաժարվում էին դոլարի վաճառքից, սա չի՞ կանխատեսում, որ ընդամենը կայունացման իմիտացիա է ստեղծվում, եւ առաջիկայում դոլար-դրամ վայրիվերումներ ենք նորից ունենալու: «Նիստի ժամանակ էլ ասացին, որ դրամը մի որոշ ժամանակով կկայունանա, բայց ես չեմ կարծում, որ կզբաղեցնի նախկին դիրքերը, բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մեկ դոլարը 600 դրամի չի հասնի»,- ասաց Մարուքյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը քննարկման մանրամասներ է ներկայացրել ՖԲ իր էջում. «Տեղեկատվությամբ հանդես եկավ ԿԲ նախագահը:



Նա ելույթում ասաց, որ ԿԲ-ն համարում է, որ դրամի արժեզրկման պատճառներ չկան: Այն թերարժեւորված է: Ուշադիր զննել ենք ամեն բան եւ որեւէ արտառոց երեւույթ չենք նկատել: Ստացվում է, որ դրամի արտառոց անկումը ֆինանսական շուկայի միակ արտառոց իրադարձությունն է: Վախենալուն այն է, որ բնական հարց է ծագում. լավ, տարեկան քանի՞ անգամ դրամը կարող է այսպես արտառոց անկում ապրել: ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաեւ, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի:



Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի: Բարձրացավ նաեւ նավթի գինը: Երեկոյան դրամը նույնպես սկսեց ցույց տալ կայունացման նշաններ: Ստացվում է, որ տնտեսվարողների համար կարճաժամկետ հատվածում աշխատում է ռուսական ռուբլու սինդրոմը: Եթե վաղը Ռուսաստանի բանկն իր ինտերվենցիաները պահպանի, ապա այն կարող է կայունացնել նաեւ դրամի փոխարժեքը: Ովքեր ռուբլիներ ունեն, ճիշտ ժամանակն է դոլար դարձնելու»: