Ուկրաինական ներդրումային հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի «Air Armenia»-ում

Ուկրաինական ներդրումային հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի «Air Armenia»-ում

news.am-ը գրում է․ Ուկրաինական «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի հայկական «Air Armenia» ավիաընկերության 49% բաժնեմասում:



Այս մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտնել է հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլեւը: «Այդ միջոցների մեծ մասը, հնարավոր է՝ բոլորը, կարելի կլինի Հայաստան փոխանցել 2015թ. առաջին եռամսյակում: Սա հայկական ավիաընկերությանը թույլ կթա թարմացնել օդանավերի հավաքակազմը: Թե երբ այդ ծախսը կփոխհատուցվի, դեռ հաշվարկել է պետք, քանի որ ավիացիոն բիզնեսի շահութաբերությունը կախված է երթուղիներից», - ասել է Բոբիլեւը:



Նշենք, ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս դիտարկմանն ի պատասխան «East Prospect Fund»-ի կառավարիչը կոչ է արել «օֆշորային ընկերություն» ձեւակերպումը հիմնադրամի հասցեին չկիրառել: «Մենք լիցենզավորված ֆինանսական ինստիտուտ ենք, որը գործում է անգլիական իրավունքով, եւ ենթարկվում ենք նույն կարգավորող նորմերին, որոնց որ բանկերը: Առանց հարկերի յուրիսդիկցիան ինքնին դեռ ոչինչ չի ասում: Սորոսի հիմնադրամներն, ի վերջո, նույն կարգավիճակն ունեն: Բայց այս գրանցումը թույլ է տալիս չվճարել միջանկյալ հարկեր եւ ավելի հարմար ֆինանսական վերջնարդյունք ստանալ», - հավելել է Բոբիլեւը:



Հիմնադրամի պորտֆելը, ըստ նրա, այժմ կազմում է շուրջ 2,5 մլրդ եւ ներառում ներդրումներ Ուկրաինայի մի շարք ձեռնարկություններում:



Իր հերթին հիմնադրամի ներդրումային քաղաքականության գծով խորհրդական Եկատերինա Պավլյուկը, հայտարարել է, որ «Air Armenia»-ի հետ համագործակցելու որոշումը կայացվել է ելնելով դրա գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի գործարար համբավից, ով հայտնի է նաեւ արտասահմանում: