ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տոնեց Հայաստանում գործունեության 20-ամյակը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տոնեց Հայաստանում գործունեության 20-ամյակը

Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) տոնեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Միջոցառումը նվիրված էր նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին, որը մարդու իրավունքների պաշտպանության պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի խոսքով՝ ՀՀ կառավարության հետ համատեղ, լուրջ բարեփոխումներ են իրականացվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: «Բարեփոխումները տարբեր ուղղություններով են կատարվել և բավական առաջընթաց է գրանցվել այդ ոլորտում: Եթե խոսենք օրինակներով, ապա կարող ենք, մասնավորապես, նշել իմունիզացիայի ոլորտում արձանագրված էական առաջխաղացումը: Երկրում չեն գրանցվել կարմրուկի և պոլիոմելիտի դեպքեր: Բացի այդ, զգալի կրճատվել են հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերը»,-ասաց Հենրիետ Արենսը: Ըստ նրա՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում կրճատվել են մանկական հանցագործության դեպքերը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ զգալի աշխատանք է կատարվել կրթության ոլորտում: Հներիետ Արենսը նկատեց, որ այսօր ավելի շատ երեխաներ են գնում դպրոց, քան նախկինում և նրանց թվում է հաշմանդամություն ունեցողները: