Իջեցնել գազի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները մինչև դեկտեմբերի 23-ը

Իջեցնել գազի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները մինչև դեկտեմբերի 23-ը

Չնայած դրամի արժեզրկմանը զուգընթաց մի քանի օր է արդեն, ինչ համատարած թանկացումներ են գրանցվում ավտոմեքենաների լիցքավորման գազի, տեխնիկայի ու հատկապես սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի գների մեջ, բայցեւայնպես. երեկ կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան՝ ընդդեմ դրամի արժեզրկման եւ թանկացումների, հուսահատեցնող էր ու տխուր:



Նախ, ինչպես գրեթե բոլոր ակցիաներում, լրագրողներն ու ոստիկաններն առաջինը հասան «դեպքի վայր», որտեղ 10-15 րոպե հետո միայն հայտնվեցին 2-3 տասնյակ քաղաքացիներ, որոնց թիվը մինչեւ ակցիայի ավարտը ամենաշատն ավելացավ եւս տասով եւ ընդամենը: Ու դա այն դեպքում, երբ թանկացումների դեմ կազմակերպված բողոքի երթին Ֆեյսբուք սոցիալական ցանցում մոտ 1200 մարդ միանալու պատրաստակամություն էր հայտնել: Մնում է նորից փաստել, որ սոցիալական հարթակներում կատարվող հեղափոխություններն ու ընդվզումները երբեք ռեալ արտացոլում չեն գտնում իրական կյանքում:



Մտածել, թե թանկացումները մարդկանց մի մասին շրջանցել են, հնարավոր չէ՝ երթուղայինի վարորդների գործադուլն այս օրերին դրա վառ ապացույցն է: Դժգոհությունների ալիքը նկատելի է ամենուր, մարդկանց հուսահատությունն էլ է տեսանելի: Այդ դեպքում ո՞ւր էին մարդիկ՝ սուպերմարկետներում պոպոք-պնդուկի վերջին կիլոգրամնե՞րն էին առնում, թե՞ այնքան հուսահատ են, որ արդեն օդանավակայանի ճանապարհն են բռնել: Սա այն հարցն էր, որ անգամ նախաձեռնող խմբի անդամներին էր հուզում, ովքեր մարդկանց կոչ արեցին դուրս գալ իրենց տներից եւ սուպերմարկետներից եւ միասնաբար պայքարել համատարած թանկացումների դեմ՝ կառավարության դիմաց ներկայացնելով 6 կետից բաղկացած իրենց պահանջները: Դրանք են. ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելու համար, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը:



Որպես առաջնային միջոցառում՝ իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով բոլոր մենաշնորհները: Արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի եւ ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերն ու մուտքերը, ինչպես նաեւ դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը: Իշխանությունների կողմից որեւէ արձագանք չստանալու եւ այդ պահանջները չկատարելու դեպքում քաղաքացիներն սպառնացին, որ բոյկոտելու են օլիգարխներին պատկանող սուպերմարկետները եւ երթուղայինի ու տաքսու վարորդների հետ կազմակերպելու են գործադուլներ:



Հուսահատ քաղաքացիները հերթով բարձրախոսը վերցնում եւ իրենց անելանելի վիճակն էին ներկայացնում, երբ կառավարության գլխավոր մուտքից դուրս եկավ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, ում ներկաները «Ամոթ քեզ, շաքարավազը թանկացրել ես ու չես ամաչում» վանկարկումներով դիմավորեցին:
Չնայած 2 օրերի ընթացքում դրամի քիչ թե շատ արժեւորմանը, այնուամենայնիվ, քաղաքացիները բողոքում էին, որ դրանից գյուղերի, քաղաքների խանութներում եւ սուպերմարկետներում սննդամթերքի գները ոչ մի դրամով չեն նվազել, ինչպես կային, այնպես էլ պահպանվել են, իսկ դա նշանակում է, որ, անկախ իշխանավորների տարատեսակ հայտարարություններից, կառավարությունը չի վերահսկում իրավիճակը:



Համատարած գնաճն ու թանկացումները կանխելու, դրամն արժեւորելու պահանջով նախաձեռնող խումբը կառավարությանը մինչեւ դեկտեմբերի 23-ը ժամանակ տվեց, ապա որոշեց հաջորդ հանդիպումն անել դեկտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում՝ ամփոփելու ստեղծված իրավիճակը եւ որոշելու պայքարի հետագա քայլերը: