Ե՞րբ կվերսկսվի համաժողովրդական շարժումը

Ե՞րբ կվերսկսվի համաժողովրդական շարժումը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրն իսկական անակնկալ մատուցեց իշխանություններից ազատվել եւ աղքատության ճիրաններից դուրս գալ ցանկացող հասարակությանը, որը մինչ այդ աչքը ջուր կտրած սպասում էր համաժողովրդական շարժման լոկոմոտիվ եռյակի գործողություններիին: Ծառուկյանը հանդես եկավ ժողովրդի վիճակը բարելավելու յուրօրինակ ակցիայով՝ միայնակ դուրս գալով խուճապի դեմ պայքարելու եւ մարդկանց վիճակը բարեկեցիկ դարձնելու հարթություն:



ԲՀԿ առաջնորդը, ով ակամայից ստանձնել է նաեւ հարթակային ընդդիմության լիդերությունը, շաբաթ օրը մոտ 300 միլիոնանոց շքեղ ու տարածաշրջանում եզակի «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ փորձել է հանգամանալից ներկայացնել այն կառուցելու եւ պլանավորվածից մեկ ամիս շուտ բացելու բոլոր հիմքերն ու պատճառները: «Այսպիսի կառույց չկա, դա հպարտություն է մեր երկրին, եւ հզորություն է, եւ հիմնական քայլ է, եւ աշխատատեղեր է, եւ տուրիզմի զարգացման համար է:



«Հույրանոցը» մենք նախատեսել էինք բացել 2015թ. հունվարի 20-ին, իմ գործընկերների հետ պայմանավորվել էինք: Բայց, տեսնելով տնտեսական ճգնաժամը, դրամի արժեզրկումը, որ խուճապի մեջ ընկած ամբողջ ազգը եւ գործարարները, եւ ժողովուրդը, իհարկե, մենք պետք է նախատեսված քայլեր ունենանք, ծրագրեր, առաջարկներ: Բայց տեսնելով, որ… ասեմ՝ պետք է մեկը քայլ կատարի, դրա համար ես իմ գործընկերներին դիմեցի, որ ավելի շուտ բացենք, որ խուճապը մի քիչ կոտրվի, որ համապատասխան հիմնական պատճառը սա էր, որ ոչ թե անընդհատ փակվում են, բարձրանում են գները, խանութներն են փակվում: Եվ դրա համար բացվում են, որ մեր ժողովուրդն արժանի է լավ ապրելու…»:



Կարելի՞ է ասել, որ ոչ իշխանական եռյակը փոխել է մարտավարությունը, եւ ընդդիմադիրներն իշխանության դեմ պայքարի շրջանակներում ապագայում նոր հյուրանոցներ ու ռեստորաններ կբացեն: «Նախ, պարոն Ծառուկյանի ներդրումներով հյուրանոցի բացումը ողջունելի է»,- մեր հարցին ի պատասխան ասաց եռյակի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ բացատրելով. «Որովհետեւ այդտեղ ոչ միայն պարոն Ծառուկյանի ներդրումը կա, այլեւ արտասահմանից ներդրումներ:



Երկրորդ՝ ցանկացած պարագայում չեմ կարծում, որ մենք փոխել ենք մարտավարությունը, եւ նմանատիպ հյուրանոցներ, որպեսզի մեծ ծավալով կարողանան աշխատել, պետք է երկիրն այնպիսին լինի, որ գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, եւ երկրի ներսում այնպիսի վիճակ լինի, որպեսզի մեր քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այդպիսի հյուրանոցներից»: Եթե մարտավարություն չի փոխվել, ու եռյակը «զադնի» չի դրել, չե՞ք կարծում, որ վերջերս ստեղծված նպաստավոր պայմանները, մասնավորապես, բռնություններն ու ֆինանսական շուկայի քաոսից առաջացած աննախադեպ գնաճն ամենահարմար ժամանակն էին շարժումը վերսկսելու եւ ժողովրդին փողոց հանելու համար: «Որոշակիորեն կարող էր ավելի հարմար հիմա լինել, բայց, կարծում եմ՝ հունվար-փետրվարին ամենահարմար պահը կլինի, եւ հետո, գործընթացներն այնպիսին են, որ որոշակի հասունացում են պահանջում:



Ես կարծում եմ, որ այդ հասունացումը մոտ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ իշխանափոխությունը մոտ է: Որպես ապացույց, Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի շաբաթ օրվա հայտարարությանը, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում: Արմեն Մարտիրոսյանը հիշում է, որ մեր նորանկախ պատմության ընթացքում նախադեպ չի եղել, որ ԱԱԾ պետը նման հայտարարությամբ հանդես գա. «Ուրեմն հիմա տեսնում են նման հայտարարության անհրաժեշտություն, իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն առավել է սրում իրավիճակը, եւ մեզանից շատ հիմա իրենք են իշխանափոխության սպասում»: Մինչդեռ փաստն այն է, որ եռյակի խոստացած «թեժ աշունն» իր տեղը զիջեց պասիվ ձմռանը՝ ընդամենը երկու հանրահավաք եւ մեկ երթ կազմակերպելով:



Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով բոլորովին վերջերս է միացել համաժողովրդական շարժմանը, դեռ հույսը չի կորցրել, որ շարժման լիդերները վճռականություն կցուցաբերեն, իրեն ասել են, որ հունվարի կեսից նորից սկսելու են. «Այլապես մենք այնտեղ գործ չենք ունենա»: Եռյակի ներկայիս պասիվության համար Կարապետիչը նաեւ ժողովրդին է մեղադրում. «Ժողովուրդն էլ պետք է ակտիվ լինի, որովհետեւ լիդերներն ի՞նչ կարող են անել առանց ժողովուրդ»:



Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը հունվարին ակտիվանա, եթե վերջին օրերի թանկացումները նրան ոտքի չհանեցին: «Որովհետեւ այդպիսի վճռականություն ունեն... համաժողովրդական շարժումը»: Մինչեւ տարեվերջ իշխանափոխության խոստումներ շռայլած Ազատամարտիկների դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանն էլ մեզ փոխանցեց, որ իրենք որոշել են դեռ չհեռանալ շարժումից եւ իսկական «կարգապահ զինվորի» պես սպասում են «մարտին»: «Մենք համալրելու ենք ժողովրդի շարքերը: Առայժմ մենք այդպիսի մարտավարություն ենք ընտրել: Որպեսզի հետո չասեն, թե ազատամարտիկները կեսից լքեցին, խանգարեցին հաղթանակին, չնպաստեցին դրան»,- ասաց նա: