Ֆրանսիացի խորհրդարանականները պահանջում են Ղարաբաղի միջազգային ճանաչում

Ֆրանսիացի խորհրդարանականները պահանջում են Ղարաբաղի միջազգային ճանաչում

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի երեք անդամներ «Էքսպրես» հեղինակավոր շաբաթաթերթի կայքէջում հանդես են եկել հայտարարությամբ՝ ի նպաստ Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Հայտարարության հեղինակներից երկուսը սենատորներ են` Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, երրորդը Բուր լը Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն է, տեղեկացնում է «Ազատությունը»:



Ֆրանսիացի գործիչներն իրենց հայտարարությունում նախ գոհունակություն են հայտնել, որ համանախագահներն իրենց վերջին դիրքորոշումներում ավելի լավ են նկատի առել տարածաշրջանում տիրող քաղաքական իրողությունը։



«Ղարաբաղի երիտասարդ դեմոկրատիան շարունակում է բախվել Ադրբեջանի ինքնակալ կարգի սպառնալիքներին, ինչը հաստատում է, որ չնայած 1994 թվականին կնքված զինադադարին՝ լարվածությունն աճում է տարեցտարի, շաբաթից շաբաթ, սահմանամերձ շրջաններում, որի համար համանախագահները երկար ժամանակ խուսափել են դրա պատասխանատվությունը դնել մեկ կամ մյուս կողմի վրա և գոնե պաշտոնապես անտեսել են Լեռնային Ղարաբաղին։ Համանախագահների վերջերս արած մի քանի հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք հրաժարվել են այդ քաղաքականությունից, որը ոչ միայն անարդար է բարոյապես, այլև՝ անարդյունավետ», - ասված է հայտարարությունում։



Նրանք հայտարարությունում նաև նշել են, որ չպետք է միևնույն մակարդակի վրա դնել զոհին և նրա վրա հարձակվողին. - «Եվ պետք է հաշվի առնել մանավանդ կողմերի քաղաքական կարգերը, որոնք շատ տարբեր են իրարից՝ այսինքն, մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը, որը փորձում է խորհրդարանական դեմոկրատիա կառուցել՝ 24 տարի ի վեր ընտրություններ կազմակերպելով և գերզինված Ադրբեջանի ռազմական հարձակումների հանդեպ իր բնակիչների պաշտպանությունը ստանձնելով, իսկ մյուս կողմից Ալիևի արյունահեղ բռնապետությունն է, որը բանտարկում է իր ընդդիմադիրներին և մարդու իրավունքների պաշտպաններին, խեղդում ամեն ազատ ձայն, ինչի վերջին օրինակը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փակումն է»։



Ֆրանսիացի գործիչներն ընդգծել են, որ պատերազմի շարունակումը, հակահայ քարոզչությունը Բաքվի համար անհրաժեշտություն է՝ երկրի ներսում ընդդիմությունը ճնշելու համար. - «Դա հնարավորություն է տալիս Ալիևին համախմբել Ադրբեջանի հասարակության բեկորները՝ շատ լավ գիտակցելով, որ նման հայատյաց քարոզչության միջոցով ինքը նպատակ ունի ժողովրդի ուշադրությունն իր սեփական զեղծարարություններից շեղել և իշխանության գլուխ մնալ»։



«Մենք պետք է ավելի քան երբեք նեցուկ լինենք Ղարաբաղի դեմոկրատիային, որի համար մենք պահանջում ենք Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը», - եզրակացրել են ֆրանսիացի երեք խորհրդարանականները։