Նորից ընտրության առաջ

Նորից ընտրության առաջ

Մարտիմեկյան հանրահավաքի «ԽԹծ»-ական ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական օրակարգ վերադարձրեց «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրումը: Այն, ինչ կատարվում է «Բարգավաճի» շուրջ, լիովին տեղավորվում է հարցադրումից խուսափելու տրամաբանության մեջ: Դժվար է գուշակել՝ Տեր-Պետրոսյանը հանուն Գագիկ Ծառուկյանի՞ է մտասեւեռվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վրա, թե՞ ոչ, բայց տպավորություն է, որ եթե Տեր-Պետրոսյանը «բաց նամակ» չգրեր Սերժ Սարգսյանին, «Բարգավաճի» վիճակն անհամեմատ ծանր կլիներ:



Օրակարգում կմնար մի խնդիր` «հեռացնել չարիքը»: Տեր-Պետրոսյանը, կարծես, «կրակը հրավիրեց» նաեւ իր վրա: Մոտիվացիան թողնենք մի կողմ, բայց թվում է, որ իշխանությունները դրանից զգուշացան. «Բարգավաճի» վերջնական ոչնչացումը կբերեր նրան, որ Հայաստանի քաղաքական օրակարգում վերստին կբյուրեղանար «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքը: Իսկ իշխանություններն ամենաշատը դրանից են խուսափում: Ու, երեւի, ամենեւին էլ պատահական չէ, որ «Բարգավաճի» վրա ճնշումները թուլացել են: Իշխանությունները մտադիր չեն պսակազերծել ԲՀԿ ֆետիշը, եւ ամեն ինչ արդեն արվում է Գագիկ Ծառուկյանին վերստին «այլընտրանք» դարձնելու տրամաբանությամբ:



Եվ մեր «թագավոր ախպերն» էլ, ամենայն հավանականությամբ, համաձայն է վերադառնալ հին-նոր դերակատարության: Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Վաղ թե ուշ, միեւնույն է, Հայաստանը պետք է կողմնորոշվի` Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի վճռի հե՞տ է կապում իր ապագան, թե՞ իրականության: ՀՀԿ-ն, եթե Գալուստ Գրիգորիչը ճիշտ է ասում, որ ինքը եւ Հովիկ Աբրահամյանը «թոշակի գնացող չեն», մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական նախագծի եւ «ոչ մի թիզ հող»-ի, Թուրքիայի հետ հարաբերությունները Կարսի, թե Սեւրի պայմանագրի հիման վրա կարգավորելու տարբերակների միջեւ: ԲՀԿ-ն այդ հարցերի պատասխանը չունի: «Բարգավաճը» պոպուլիստական ակումբ է, որտեղ «բարեգործությունը» շփոթում են նորմալ տնտեսություն կառուցելու հետ:



ՀՀԿ-ն ստիպված է լինելու ընտրել` ՀՅԴ-ի հե՞տ է գնում 2017-18թթ. ընտրությունների, թե՞ ՀԱԿ-ի: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրած հարցը դա է: Եվ անհասկանալի է. իշխանությունները «Բարգավաճի» ֆետիշը փրկում են, որ ի՞նչ անեն...



Գրիգոր ԱՍԱՏՐՅԱՆ