Նեմցովի սպանության բացահայտման խաղը

Նեմցովի սպանության բացահայտման խաղը

Կրեմլի մատույցներում Բորիս Նեմցովի աղմկալի սպանության բացահայտումը նույնքան աղմկալի ընթացք է ստանում: Պուտինի ռեժիմի անվտանգության մարմինները «փութաջան» գործունեություն են ծավալել եւ, փաստորեն, այս պահի դրությամբ «գիտեն» ազգությամբ չեչեն կասկածյալներին, որոնցից մեկը՝ (ասում են՝ սպանության գլխավոր դերակատարը) Բեսլան Շավանովը, ինքնասպան է եղել, թեպետ արդեն շրջանառվում է սպանության վարկածը:



Չեչենների վրա տակառ գլորելը կամ նրանց ծառայություններից օգտվելը Պուտինի համար, ում իշխանությունը միջազգային արենայում այս սպանությամբ հերթական անգամ խայտառակվեց, կարող է խնդիրն իր տրամաբանական ավարտին հասցնելու լավագույն տարբերակը լինել: Ինչքան էլ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը կասկածյալներից մեկի՝ Զաուր Դադաեւի մասին հայտարարի, որ ինքն անձամբ ճանաչում է Զաուրին՝ որպես «Ռուսաստանի իսկական հայրենասեր», իսկ նռնակով իրեն պայթեցրած Շավանովին կոչի «խիզախ մարտիկ», դրանից ոչ մի էական բան չի փոխվելու, որովհետեւ չի բացառվում նաեւ, որ «Ռուսաստանի իսկական հայրենասերը» սիրելի «հայրենիքի» ու նրա տիրոջ համար ծառայություններ մատուցի եւ մեջտեղից հանի «հակառուսական», «հակահայրենասիրական», «հակաիսլամական» ընդդիմադիր գործչին:



Ռուսական աղբյուրների համաձայն, Նեմցովի ուղղությամբ կրակ է բացել հենց Զաուր Դադաեւը, ով սկզբում ընդունելով իր մեղքը՝ ցուցմունք է տվել այն մասին, որ սպանության դրդապատճառը Նեմցովի՝ իսլամի հանդեպ վերաբերմունքն է, իսլամի հասցեին հնչեցրած կոպիտ արտահայտությունները: Հետո Նեմցովի փաստաբանը՝ Անտոն Ցեպկովը հայտարարեց, որ բոլոր կասկածյալները հրաժարվել են իրենց նախնական ցուցմունքներից եւ չեն ընդունում մեղքը: Լուրեր տարածվեցին, որ կասկածյալներից խոստովանական ցուցմունքները կորզվել են դաժան ծեծի ու կտտանքների միջոցով:



Ռուսական որոշ կայքեր հրապարակեցին բանտախցերում պահվող կասկածյալներից վերցրած կարճ հարցազրույցներ (http://www.mk.ru/), որոնցում բոլորն էլ հավաստում են, որ ենթարկվել են ծեծի ու ճնշումների: Զաուր Դադաեւն ասում է, որ պարկ են քաշել գլխին, ծեծել են ու ստիպել, որ չարած հանցագործությունն իր վրա վերցնի: Հարցազրույցում նա տալիս է նաեւ Ալի Մատիեւ անունով մի մարդու անուն, որին, ըստ Դադաեւի, անհետացրել են, եւ որի վկայությամբ կարող է ապացուցվել իր անմեղությունը:



Այսպիսով, Բորիս Նեմցովի սպանության նախաքննությունը լրջագույն ճեղքվածք տվեց: Սպանության չեչենական վարկածը, Նեմցովի՝ իսլամի հանդեպ վիրավորական վերաբերմունքը, մինչ այս պահը գործը սրընթաց ավարտելու հնարավոր փոփոխական էր, որը ժամառժամ հօդս է ցնդում: