Նալբանդյանն ու Օզդեմիրը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Նալբանդյանն ու Օզդեմիրը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։



Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորել երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, և խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։



ՀՀ արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումները։



Էդվարդ Նալբանդյանն ու Ջեմ Օզդեմիրը հանգամանալից մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների շուրջ։



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։



Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ ջանքերը։