Կրկին կատու՝ Ազգային Ժողովում

Կրկին կատու՝ Ազգային Ժողովում

Երեկ երեկոյան՝ ԱԺ նիստի ավարտից հետո, երբ լրագրողները բարով-խերով ճամփու դրին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Ազգային ժողովի գլխավոր մասնաշենքի միջանցքներում կատվի մլավոց լսվեց: Մթության մեջ մոտենալով՝ նկատեցինք սպիտակադեղնավուն մի կատու: Հիշենք, որ ժամանակին, երբ ԱԺ նախագահը դեռ Հովիկ Աբրահամյանն էր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր իր հետ կատու մտցրել ԱԺ շենք՝ բաց թողնելով դահլիճում: Փոստանջյանի այդ արարքը, սակայն, քաղաքական ենթատեքստ ստացավ: Հուսանք, մեզ հանդիպած երեկվա կատուն ԱԺ շենք էր ներթափանցել առանց «քաղաքական» նպատակների: Շատ կցանկանայինք մի քանի հարց ուղղել կենդանական աշխարհի այս փափլիկ չորքոտանուն, թե ինչ է կորցրել նա երկրի օրենսդիր մարմնում, հատկապես, որ բոլորն արդեն գնացել են՝ թե՛ ԱԺ նախագահը, թե՛ վարչապետն ու գործադիր եւ օրենսդիր մյուս դեմքերը, սակայն, ավաղ, նա մեր լեզուն չէր հասկանա, մենք էլ՝ իրենը: Կատուն, մեզ տեսնելուն պես, հասկացավ, որ մթության մեջ ԱԺ շենքը լքող վերջին «մոհիկաններն» այդ ժամին մենք ենք, ու սուսուփուս, մի երկու անմեղ մլավոց արձակելով, պոչը քաշեց ու հեռացավ շենքից: