ԱԺ դահլիճում գրեթե «պանիխիդա» էր

ԱԺ դահլիճում գրեթե «պանիխիդա» էր

Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն ուղղակի աննախադեպ էր. լուսատախտակն այդպես էլ մնաց դատարկ: Խորհրդարանականները հնարավորություն չունեցան բանավոր հարցեր տալու, եւ ժամուկես շարունակ միայն գրավոր հարցեր հնչեցին: Լրագրողների օթյակը գրեթե դատարկ էր, պատգամավորները դահլիճում նստած էին հոգեհանգստին մասնակցողի ծանրությամբ: Բրեժնեւին «մեկին-մեկ» նմանվող ակնոցավոր Գալուստ Գրիգորիչը նույն բրեժնեւյան սինդրոմով մոռանում էր անջատել խոսափողը, կողքը նստած Հերմինե Նաղդալյանն ստիպված բզում կամ աչք-ունքով հասկացնում էր` ժամանակը լրացել է: Հովիկ Աբրահամյանը, որպեսզի շատ չձանձրանա, իր մոտ էր կանչում պատգամավորներին, հանձնարարություններ տալիս: Հանձնարարություն ստացավ նաեւ նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը, որից հետո, իր տեղը նստելու փոխարեն, Արփինե Հովհաննիսյանի հետ ինչ-որ բան գծեց, միասին հաշվեցին գծածը, ապա նստեց տեղը: Այդ ողջ ընթացքում Արմեն Աշոտյանը, ինչ-որ «ժուռնալի» մեջ խորացած, «գիտահետազոտվում» էր, պարզվեց` Դեպարդիեի մասին էին ԿԳ նախարարի «հետազոտությունները», ապա դուրս եկավ ծխելու: Երբ վերադարձավ, Գագիկ Բեգլարյանը «սեւ» նախանձով նայեց նրան. Բեգլարյանը եւս այն նախարարներից է, որ հարցուպատասխանի ժամանակ մի քանի անգամ դուրս է գալիս ծխելու: Այս անգամ չէր կարող. լրագրողները հարցեր կուղղեին Երրորդմասցի Լյովիկի մասին: Երեւում էր, որ տառապում է «ծանր» մթնոլորտում, ապա չդիմացավ ու դուրս եկավ` արդեն ԱԺ նախագահին հատկացված դռնից, ծխեց, վերադարձավ: Նույն այդ դռնից էլ գրավոր հարցերին պատասխանելուց հետո նախարարները, որ նախկինում սովորական դռնից էին մտնում-ելնում դահլիճ, դուրս եկան ու անէացան, որպեսզի չընկնեն լրագրողների ձեռքը: Միակ նախարարները, որ ընդհանուր դռնից դուրս եկան, Արայիկ Գրիգորյանն ու Հովհաննես Մանուկյանն էին:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ