Դեռ չի որոշել՝ գնա՞լ «վարչապետների ակումբ», թե՞ ոչ

Դեռ չի որոշել՝ գնա՞լ «վարչապետների ակումբ», թե՞ ոչ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը քիչ առաջ իմացավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետների հետ հանդիպում է նախաձեռնել։ Ինչպես և խոստացել էին կառավարությունից, հրավեր ուղարկել են բոլորին, և Բագրատայնն էլ նոր է ստացել այդ հրավերը։



«Հա նոր իմացա, որ նման բան կա»,-ասաց Բագրատյանը՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ ինչի համար է այդ հանդիպումը։



Իսկ երբ մենք հայտնեցինք, որ «վարչապետների ակումբի» առաջին հավաքն է լինելու սա, ինչպես մեզ վստահեցրել են կառավարությունից, Բագրատյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ ակումբի մասին է խոսքը, հետևաբար նաև չի կարող որևէ բան ասել այդ ակումբի վերաբերյալ։



«Չգիտեմ՝ էդ ինչ ակումբ է»,-ասաց նախկին վարչապետը՝ զարմանալով, թե «նման ակու՞մբ է ստեղծվել»։
Իսկ ի՞նչ է մտածում հրավերի կապակցությամբ, կընդունի՞ այն ու կմասնակցի՞ Աբրահամյանի նախաձեռնած հանդիպմանը, թե՞ ոչ, Բագրատյանը դժվարացավ այս պահին որևէ հստակ բան ասել, քանի որ դեռ չի որոշել․ «Չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Ինձ ասել են՝ հրավիրում են հանդիպման, բայց չգիտեմ՝ ինչ է քննարկվելու, ինչ թեմա է»։



Իսկ չի՞ հետաքրքրվել, արդյոք, թե ինչ հրավեր է, ինչի նատակով է, որպեսզի որոշում կայացնի՝ գնա՞լ, թե՞ մերժել, պարոն Բագրատյանն ասաց․ «Կարող է և հետաքրքրվեմ»։



Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ նախկին ու գործող վարչապետների հանդիպում է նախատեսված կառավարությունում, ինչի մասին պաշտոնապես արդեն հայտնել են կառավարությունից։ Հանդիպումը տեղի է ունենալու ոչ վաղ անցյալում ստեղծված «վարչապետների ակումբի» շրջանակներում՝ որպես այդ ակումբի առաջին հավաք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ