Մենախոսություն Ռեջեփ Թայիբի հետ

Մենախոսություն Ռեջեփ Թայիբի հետ

Ապրիլի 24-ի նախօրեին սկսվեց բաց ու փակ նամակագրության շարասյունը: ԱԺ-ի ամբիոնից ցասկոտ ու սրտառուչ հրաբխի նման հանկարծ ժայթքեց պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Ռեջեփ Թայիբը»…
Ու երեւի այդ պատմական կոչի կամ կանչի քնքուշ զեփյուռը նույնքան քնքուշ հպումով շառագունեց Ռեջեփ Թայիբի թշերը…
Եվ գուցե խոհեմությամբ ու Հայոց եղեռնի հանդեպ արդարացիությամբ լցվեցին Ռեջեփ Թայիբի սրտի փորոքները…
Եվ ո՞վ իմանա, գուցե Ռեջեփ Թայիբն իսկապես սպասո՞ւմ էր Մարգարիտի հորդահոս ժայթքմանը, որ կողողեր նրա պապակ անապատը՝ ի վերջո խելքի բերելով Թուրքիայի մոլորյալ ղեկավարին:
Թե երբ, ինչպես, ինչ պայմաններում Ռեջեփ Թայիբը կպատասխանի Մարգարիտ Եսայանի բաց նամակին, մենք չգիտենք, եւ կանխատեսումներ անելը մեր կողմից մի տեսակ վայելուչ չէ, բայց մենք անպայման կսպասենք, կսպասենք գողտրիկ երազանքի մեղմանուշ սպասումով…
Եվ իսկապես, ո՞վ իմանա, գուցե Ռեջեփ Թայիբի հոգին հեղաշրջվի հենց այսպիսի անկեղծ մտքաբույրով լեցուն տողերից. «Ռեջեփ Թայիբ, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչելու դեպքում էլ հաստատ Դուք չեք այն մարդը ու այն երկրի ղեկավարը, ում հետ ցավից կխոսեմ: Հարեւան ենք, ու հազարավոր կիլոմետրեր չեն բաժանում մեզ, բայց ցավի տրամագծորեն տարբեր ընկալում ունենք, մենք ցավը լուռ ենք կրում, դուք վահան եք դարձնում…»: «Ձեր գիտակցությունը բնազդների մակարդակին է մնացել, բնազդն ասում է՝ պաշտպանվիր…»: «Ապրիլի 24-ից ուղիղ մեկ ամիս առաջ ես՝ մշեցու եւ կարսեցու ծոռս, անկախ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորս, Ձեզ միայն մեկ հորդոր ունեմ՝ խնայեք Ձեր ազգին…»:
Ռեջեփ Թայիբը գուցե, Բոսֆորի ափին նստած, կծովի շաքարով կում-կում թեյ էր խմում եւ այդ պահին, հասկանալով Հանրապետական կուսակցության ներկայացուցչի նամակի ողջ բնույթը, թեյը լրիվ խեղդ գնաց ու քիչ մնաց սպանե՞ր նրան… Թերեւս Ռեջեփի վաղաժամ մահվան մասին լուրեր չունենք…
«Ինքնախաբեություն» հոդվածում Րաֆֆին այսպիսի տողեր ունի. «Նրանք սիրում են... վրդովվում են... ոգեւորվում են... եւ ամեն կիրք իրանց սրտի մեջն է մնում: Նրանք ազգը գտնում են իրանց սենյակի չորս պատերի մեջ. դրսում նրա հետ հարաբերություն չունեն: Որպես մեր երեւակայական սիրահարը, իր սիրուհին իր գլխի մեջն ունի»…
Այդպես է՝ ԱԺ բեմից Հանրապետականի պատգամավորները սիրում են, վրդովվում են, ոգեւորվում են, կրքոտում են, իրենց ազգի համար հյուծվում են… Բեմից բաց նամակագրական գործունեություն են ծավալում իրենց նույն եւ նույն չորս պատերի մեջ, իսկ փողոցում, տներում ու բակերում հազարավորի ծանր խնդիրների առաջ կանգնած է մենակ մի ժողովուրդ: