Սպասվում է խայտառակ կոնսոլիդացիա

Սպասվում է խայտառակ կոնսոլիդացիա

Սերժ Սարգսյանի նստավայր հաճախած բոլոր այն ուժերը, որոնք մինչ այդ մոգական հանդիպումը հայտարարում էին, թե դեմ են սահմանադրական բարեփոխումներին և իրենց քարից կգցեն, եթե այդ բարեփոխումները տեղի ունենան, կրկին դուրս գալով Բաղրամյան փողոցի մայթ, սկսեցին խրոխտ-խրոխտ հայտարարել, թե նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո իրենց դիրքորոշումները մնացել են նույնը:



Եթե հավատանք այս ուժերի հայտարարություններին, ապա պեք է սպասել, որ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումը, թե բարեփոխումների շուրջ պիտի քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա լինի, այդպես էլ չի կայանա: Բայց մի՞թե հնարավոր է գնալ Սերժ Սարգսյանի մոտ, շփվել նրա հետ ու չկոնսոլիդացվել: Ասա՝ ձեր նմաննե՞րն են կոնսոլիդացվել:



Ահավասիկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդեն հայտարարում է, որ մենք, երբ ժամանակը գա բարեփոխումների քննարկման, կտեսնենք այդ լա~յն, շատ լա~յն կոնսոլիդացիան: Ավելին, նա հայտարարել է, որ ոչ թե ՀՀԿ-ն է քաղաքական ուժերին հրավիրում քննարկումների, այլ քաղաքական ուժերն են գալիս ու առաջարկներ բերում:



Մեր մտավախությունը հիմա էլ համատարած կոնսոլիդացիայի հետ է կապված: Բա ինչ, վաղը կարող է Վենետիկի հանձնաժողովի առաջ խայտառակ լինենք: Հնարավոր է մեզ հանդիմանեն՝ ասեցինք քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, բայց չասեցինք 100 տոկոսանոց գլխաքանակ:



Երևի պետք է նմուշի համար մեկ-երկու չկոնսոլիդացված գտնել, կամ՝ գաղտնի հրավիրել նախագահական և նշանակել չկոնսոլիդացված, ինչպես ասում են՝ ամեն ինչ հավուր պատշաճի պետք է լինի:



Էդիկ Անդրեասյան