Արտոնված հանրահավաք եւ խաղաղ երթ

Արտոնված հանրահավաք եւ խաղաղ երթ

Այսօր, ժամը 18:30-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն Ազատության հրապարակում հանրահավաք է անում, որին կհաջորդի «խաղաղ երթը»: Ակցիաներն արվում են ի պաշտպանություն ձերբակալվածների, ինչպես Սեֆիլյանի ժողովուրդն է ասում՝ «բռնադատվածներին եւ նրանց մարմնավորած պայքարի նկատմամբ համերաշխության եւ պայքարը շարունակելու վճռականության վերահաստատման» համար: Հիմնադիր խորհրդարանից տեղեկացանք, որ «քաղաքական գործիչներից մասնակցելու եւ ելույթով հանդես գալու ցանկություն է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ազատամարտիկների դաշինքից, հավանաբար, հանդես կգա Ռազմիկ Պետրոսյանը, հիմնականում ելույթով հանդես են գալու Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ Ալեք Ենիգոմշյանը, Գագիկ Սարուխանյանը»:



Փաստորեն, լուրջ հանրահավաք է լինելու: Հանրահավաքի եւ երթի իրազեկումը Երեւանի քաղաքապետարանն ընդունել է եւ երթի համար սահմանել է հետեւյալ երթուղին. Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: Թերեւս խուսափել են արգելքներ դնելուց եւ ցեղասպանության տարելիցի շեմին հակադեմոկրատական որոշումներ ընդունելուց: Բայց բոլոր հնարավոր առիթներով իշխանության մեջ գտնվողները շեշտում են, թե «ապրիլի 24-ին լուրջ եւ կարեւոր պատվիրակություններ կգային Հայաստան եւ անգամ մի քանի օր կմնային, եթե Սեֆիլյանենց ակցիաները չլինեին»: Անգամ նշում են, թե պաշտոնական պատվիրակությունների մի մասը որոշել է երեկոյան ընթրիքի չմասնակցել՝ Ծիծեռնակաբերդ այցելելուց եւ պաշտոնական մասն ավարտելուց հետո շտապ մեկնել Հայաստանից: Այդ պատճառով ստիպված են եղել օրվա ծրագիրը վերանայել եւ պաշտոնական ընթրիքի փոխարեն հանդիսավոր ճաշ տալ: