Ասում են՝ գրավադրված ունեցվածքիս կեսը գնել է Մհեր Սեդրակյանը

Ասում են՝ գրավադրված ունեցվածքիս կեսը գնել է Մհեր Սեդրակյանը

«Կարծես թե գործն ուզում են ավարտել եւ ուղարկել դատարան, 100 տոկոսով որեւէ բան չգիտեմ, ինձ մանրամասների հետ չեն ծանոթացնում, մինչ օրս այս գործի գլխավոր հերոսները՝ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը, որեւէ ձեւով չեն անցել գործով եւ որեւէ կարգավիճակ չունեն»,-ասաց օֆշորային հայտնի սկանդալի զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Հայրապետյանն «Ամերիաբանկում» գրավադրել էր 33 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ ադամանդի արդյունահանման գործ սկսեին: Սուքիասյանն Աֆրիկայի Սիեռա Լեոնե Հանրապետությունից պետք է ադամանդի հումք բերեր Հայաստան, որն այստեղ պետք է մշակվեր: Բանկը Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել, սակայն Սուքիասյանն այդպես էլ ադամանդի հումքը Հայաստան չբերեց, իսկ բանկը, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, սկսեց բռնագանձել Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը:



Բանկը, չսպասելով հարուցված քրեական գործի ավարտին, վաճառել է Հայրապետյանին պատկանող Ջերմուկում գտնվող մարզամշակութային համալիրը, Ծովազարդի «Հայրապետ» հանգստյան տունը, Քոչարի 1 եւ 4 շենքերը, Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը: «Թե ովքեր են գնում, հստակ չգիտեմ, բայց ասում են, որ գրավադրված ունեցվածքի կեսը գնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը): Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ծառուկյանը գնել է BMW-ի ներկայացուցչությունը, որի բաժնետոմսերը պատկանում են որդուս, ապա կարող եմ ասել՝ նման բան չի եղել»: Անդրադառնալով նախաքննությանը, ասաց, որ հիմնական մեղավորներին՝ Տիգրան Սարգսյանին, Նավասարդ Կճոյանին, դեռեւս չեն քննել: «Իմ ուժը չի պատում, որ նրանց պատասխանատվության ենթարկեմ, որեւէ բան չեմ կարողանում անել: Նրանց պատճառով այսօր վարձով եմ ապրում»,-ասաց Հայրապետյանը:



Մեր տեղեկություններով, Փ. Հայրապետյանի այս հայտարարությունները բոլորովին դուր չեն գալիս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ նրա մերձավորները ցանկանում են Փայլակ Հայրապետյանին դատի տալ: Վերջինս այդ լուրերից տեղյակ չէ, բայց ասաց, որ ուրախ կլինի, եթե նման բան լինի. «Թող դատի տան, փոխարենը իրենց կեղտոտ գործերը ջրի երես կհանենք, ու իրենք կտուժեն»: