Ես չեմ ուզում ավելի քրիստոնյա երևալ, քան դուք, բայց...

Ես չեմ ուզում ավելի քրիստոնյա երևալ, քան դուք, բայց...

Մի տասն օր առաջ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցում ասֆալտապատման եռուզեռ էր: Թաղապետարանը բանվորներ էր ուղարկել՝ կարկատելու դեպի Լենինգրադյան փողոց իջնող ճանապարհը: Մի քանի օր բանվորները երեւացին, մի քանի ջրափոս լցրեցին, մի երկու-երեք ճաք սվաղեցին՝ անձրեւի տակ, ու թողեցին-գնացին: Նոր վերանորոգված ասֆալտն ահա այսպիսի տեսք ունի, Կորեայի քարտեզի նման: «Փողերի լվացում»՝ բաց երկնքի տակ. այսպես կարելի է վերնագրել սույն «պեյզաժը»: Իսկ անցնող-դարձող մեքենաները, փոսերն ընկնելով, օրը մի քանի հարյուր անգամ տաք հիշոցներ են ուղղում առ վերեւ: Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը դժգոհ էր, որ զանգահարեցինք անձնական օգտագործման բջջայինին: «Ես պատրաստ չեմ Ձեզ բավարարել իմ բջջայինով»,- ասաց նա, բայց, այնուամենայնիվ, բարեհաճեց խոսել:



Թաղապետը կոնկրետ չէր հիշում, թե որքան գումար է հատկացվել ճանապարհային շինարարներին Լենինգրադյանից Արզումանյան փողոց բարձրացող ճանապարհի նորոգման համար: Մի պահ փորձեց խուսափել վատ շինարարության համար պատասխանատվությունից, այն բարդելով զուտ տեխնիկական հսկիչի վրա: «Ցանկացած շինաշխատանք, որ արվում է, ունի տեխնիկական հսկիչ, որը մրցույթով է ընտրվել եւ տեխնիկական հսկողություն պետք է իրականացնի»: Բայց «խայտառակություն» եզրույթը, որը, մեր կարծիքով, շատ մեղմ է սույն «պեյզաժը» գնահատելու համար, ցավեցրեց թաղապետի սիրտը, նրան չափից դուրս խիստ թվաց. «Սա չափից դուրս խիստ է ասված: Ես չեմ ուզում ավելի քրիստոնյա երեւալ, բայց իմ սիրտն ավելի է ցավում, քան Ձերը»:



Նա բացատրեց, որ Բաշինջաղյանը ոչ թե հիմնանորոգվող ճանապարհ է, այլ մասնակի «փոսավերանորոգվող», եւ աշխատանքներն այստեղ դեռ չեն ավարտվել, կտեւեն մինչեւ աշուն: Երբ հարցրինք, թե ինչու են շինարարները մի փոսը լցրել, իսկ մի 20-30 սմ այն կողմ գտնվող փոսը թողել աշնանը, նա խոստացավ, որ կանցնի այդ հատվածով եւ կնկարագրի իր տպավորությունները: Քիչ անց նա զանգահարեց եւ ասաց, որ անցել է Բաշինջաղյան փողոցի այդ հատվածով եւ ոչ մի խայտառակ պատկեր չի տեսել: Մնում է մտածել, որ այս տեսարանները երազում ենք տեսել եւ լուսանկարել: