Թուրքիայի պաշտպանության նախարարը չգիտեր՝ ինչ են խփել իր երկրի ռազմաօդային ուժերը

Թուրքիայի պաշտպանության նախարարը չգիտեր՝ ինչ են խփել իր երկրի ռազմաօդային ուժերը

Շաբաթ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը սիրիական ինքնաթռ է խփել երկու երկրների սահմանին: Սիրիական օդանավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, ինչից հետո այն ընկել է սիրիական տարածքում:



Ավելի ուշ, սակայն, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը հայտարարել է, որ խփվածը սիրիական ուղղաթիռ է եղել, որ մոտ հինգ րոպե գտնվել է Թուրքիայի օդային տարածքում՝ յոթ միլ խորությամբ: «Ես շնորհավորում եմ մեր ռազմաօդային ուժերին, որոնք այդքան արագ արձագանքել են հակառակորդի գործողություններին»,- լրագրողներին ասել է Յիլմազը՝ միևնույն ժամանակ հերքելով սիրիական ինքնաթիռ խփելու լուրերը: 



ТАСС գործակալությունը, սակայն, վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչին, տեղեկացրել է, որ թուրք-սիրիական սահմանին խփված օբյեկտը իրականում ոչ մեծ անօդաչու սարք է եղել և ոչ թե Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ:



«Հեռակառավարվող ոչ մեծ անօդաչու սարքը թռել է սահմանամերձ տարածքով, որտեղ գտնվում են Թուրքիայից սողոսկող ծայրահեղականների հանցախմբերը»,- ասել են Սիրիայի պաշտպանության գերատեսչությունից:



Այս տեղեկությունը ավելի ուշ հաստատել են նաև Թուրքիայում` նշելով, որ զավթված Իդլիբ քաղաքի շրջանում Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները հայտնաբերել են ընկած անօդաչու սարքը: