Կադաստրում քաղաքացուց 2000 դրամ են ուզել «պապկա» բացելու համար

Կադաստրում քաղաքացուց 2000 դրամ են ուզել «պապկա» բացելու համար

Կոռուցիան պոզով-պոչով չի լինում։ Սովորական չինովնիկ, սովորական գավառական մի քաղաքում մի սովորական քաղաքացուց անհասկանալի փող է ուզում տեղեկանք տալու համար։ Հենց սա էլ կոչվում է սովորական կոռուպցիա։ Աշտարակից մի քաղաքացի զանգահարեց և հայտնեց, որ անշարժ գույքի կադատսրի բաժին է մտել ինչ-որ փաստաթուղթ վերցնելու։ Աշխատակիցը նրան հայտնել է, որ պետք է թղթապանակ բացի նրա գործերի համար և որպես թղթապանակի գին պահանջել է 2000 դրամ։ Քաղաքացու մտքով չի անցել կասկածի տակ դնել վճարման օրինականությունը, հարց տալ ինքն իրեն, թե ինչու պետք է կադաստրի կոմիտեն, որ պետական բյուջեից գումարներ է ստանում թուղթ ու գրիչ, այլ գրենական պիտույքներ, ինչպես նաև աթոռ, սեղան, համակարգիչ, նման բաներ գնելու համար, իրենից թղթապանակի փող վերցնի։ Քաղաքացին ընդամենը մտել է կողքի գրախանութ, տեսել է, որ թղթապանակն արժե ընդամենը 200 դրամ և վրդովվել է։ Մենք նրա վրդովմունքը փոխանցեցինք կադաստրի պետական կոմիտեի վերահսկողության վարչության աշխատակցին, որի պետը ոմն պաշտոնյա Արսեն Բիձյանն է։ Ոչ Բիձյանը, ոչ էլ նրա աշխատակիցը, որը վախեցավ մեզ անուն-ազգանունը հայտնել, մամուլի հետ շփումներ չեն ունեցել և չգիտեն, թե ինչպես է ճիշտ խոսել լրագրողի հետ, ոպեսզի չվառվեն և ի հայտ չբերեն իրենց անտարբերությունը, թքած վերաբերմունքը կադաստրի հաճախորդների նկատմամբ։ «Քաղաքացին, երևում է, մի բան չի հասկացել։ Պապկա բացելու գործառույթ կադաստրում չկա։ Ես չգիտեմ, ինչ է հասկացել քաղաքացին։ Նրան ասեք, որ զանգի մեզ, ոչ թե ձեզ», - պատասխանեց Բիձյանի անանուն աշխատողը։ Նա հավաստիացրեց, որ կադաստրը ունի 2000 դրամ վճարումով ծառայություններ։ Օրինակ, տեղեկատվության տրամադրման, պետական գրանցման։ Բայց «պապկա» բացելու ծառայություն չունի։ «Ինչ՞ու եք միանգամից քաղաքացուն մեղադրում։ Գուցե Աշտարակի կադաստրում փորձել են կաշա՞ռք ստանալ։ Չ՞է որ դուք վերահսկողության աշխատող եք և պետք է ստուգեք փաստերը», - այս անգամ վրդովվեցինք մենք։ «Ես չեմ մեղադրում, ասում եմ, չի բացառվում, որ քաղաքացին սխալ հասկացած լինի, դրա համար տվեք նրան մեր համարը, կպարզենք։ Առանց ավելորդ հարցերի, հաջողություն», - ասաց անանունն ու սարսափահար կախեց լսափողը։