Հարս գնացող աղջկա հետ, որպես օժիտ, Սովետական հանրագիտարանի 13 հատորյակն էին դնում

Հարս գնացող աղջկա հետ, որպես օժիտ, Սովետական հանրագիտարանի 13 հատորյակն էին դնում

Հարցազրույց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի հետ



- Պարոն Այվազյան, Հայկական սովետական հանրագիտարանի 13 հատորներից եւ Հայկական համառոտ հանրագիտարանի 4 հատորներից հետո, որի վերջին հատորը լույս տեսավ 2003թ․-ին, կարծես լռությունը տեւականորեն երկարեց։ Հիմա ինչո՞վ է զբաղված «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը։



- Դրանից հետո տպագրվել են մոտ 12 անուն բազմաթիվ թեմատիկ հանրագիտարաններ, տպագրվել է Դպրոցական մեծ հանրագիտարանը՝ 4 հատորով, որի վերջին հատորը տպագրվեց 2011թ․-ին։ Տպագրել ենք «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը՝ մեր քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված։ Պատրաստել ենք «Հայ սփյուռք» հանրագիտարանը, «Ով ով է․ հայեր» կենսագրական հանրագիտարանը, ինչպես նաեւ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-94» հանրագիտարանը։ 2012թ․-ին մի հսկայական հատոր ենք տպագրել, որը կոչվում է «Հայաստան», իսկ 2015-ին տպագրվել է Գյուղատնտեսական հանրագիտարան։ Հայկական հանրագիտարանը երբեք չի լռել, եւ միջին թվով տարեկան 2 գիրք է լույս տեսել, բայց մարդկանց թվում է, թե մի տարվա ընթացքում 10 հատ հանրագիտարան պիտի տպվի, ինչպես ուրիշ հրատարակչություններում 20-30 գիրք են տպագրում։ Մինչդեռ հանրագիտարանը սովորական գրքից շատ տարբեր հրատարակություն է, հանրագիտարանի դեպքում ամեն ինչ պետք է լինի չափված-ձեւված, գիտականորեն ճիշտ, հանրագիտարանի նյութը չպետք է կասկած առաջացնի։ Այսօր մեր ժողովրդի մեծ մասը քանի որ կարդալու, գրելու հետ կապ չունի, բոլորին թվում է, որ հանրագիտարանը սովետական տարիներին արված գործից բացի ուրիշ ոչինչ չի արել։ Բայց նորից եմ ասում՝ հանրագիտարանն ապրող հաստատություն է, տարի չի եղել, որ հանրագիտարանը գիրք չտպագրի։ Մեծ արձագանք եղավ դպրոցական հանրագիտարանների հետ կապված, եւ միակ դեպքն էր, որ ստիպված եղանք վերահրատարակել, որովհետեւ պահանջարկ կար։ Վատ-լավ՝ 14 տարի Սովետական հանրագիտարանն արվել է, եւ պետք է ասել, որ հրաշալի հանրագիտարան է ստեղծվել, անկախ իր թերություններից՝ կապված ժամանակի գաղափարական պարտադրանքի հետ։ 87թ․-ին վերջին հատորը լույս տեսավ, արդեն 27 տարի է անցել, բայց, որպես կանոն, լուրջ հանրագիտարանները 25-30 տարին մեկ վերահրատարակվում են։ Յուրաքանչյուր հանրագիտարան որ գրվում է, իր ժամանակի համար անխոցելի է, բայց ապրող նյութը ժամանակից դուրս կարող է ոչ միայն իմաստազրկվել, այլ դառնա ընդհանրապես անիմաստ։



- Սովետականից դուրս, նոր հանրագիտարանի կարիք այսօր չունի՞ մեր հասարակությունը, եւ ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք այդ ուղղությամբ։



- Այստեղ՝ մեզ մոտ, կան մարդիկ, ովքեր աշխատում են հիմնադրման օրվանից, 40 տարուց ավելի, եւ ափսոսում եմ, որ նրանց թիվը հիմա բավականին քիչ է։ Բայց քանի դեռ հնարավոր է եղած ուժերով՝ համախմբված նոր մասնագետներով այս գործը նոր հիմքերի վրա դնել, պետք է նոր հայկական ազգային հանրագիտարան ունենանք։ Ապրիլին, երբ ԳԱԱ ժողովին մասնակցում էր նախագահը, իմ ելույթի ժամանակ ես խոսեցի նոր հանրագիտարանի անհրաժեշտության մասին եւ նկատեցի, որ ըմբռնվեց հարցի կարեւորությունը, թեպետ կոնկրետ որեւէ արձագանք չեղավ։ Հիմա ուզում ենք այդ բանավոր խոսքը նաեւ գրավոր ամրապնդենք եւ ակադեմիայի նախագահի ստորագրությամբ դիմենք նախագահին ու տեսնենք, թե այս գործն ինչ ընթացք կստանա։ Շատ կարեւոր է այսօր նոր ազգային հանրագիտարան ունենալը, որովհետեւ մենք հիմա նոր սոցիալական հարաբերությունների դաշտում ենք, նոր իրավիճակում ենք ապրում, ժողովրդավար ազգային պետություն ենք ստեղծում, ունենք 2-րդ ազգային պետությունը, պիտի կարողանանք այս ամբողջը հանրագիտարանի լեզվով ամփոփել, դնել լուրջ հրատարակության մեջ։ Դա պետք է արվի, որովհետեւ դեռ կորիզը կա, եւ եթե մենք դա անենք, այն միավորող բան է լինելու, որովհետեւ այս գործին լծվելու է ամբողջ բուհական եւ ակադեմիական մտավորականությունը, Սփյուռքում եղած մեր մտավորական ներուժը, եկեղեցին։



- Հիմա ինտերնետ տիրույթում այնքան շատ է ինֆորմացիան, որ ակամայից դուրս է մղվում ցանկացած գրքային ֆորմատ։ Ի՞նչ կասեք դրա մասին։



- Այո, հիմա ինֆորմացիան, տեղեկությունն այնքան շատ է, որ հեռվից գուցե կարող է թվալ՝ գրքի տարբերակով պետք չէ, որովհետեւ այս ճանապարհով բարդ է ու երկար, հատկապես, որ կա համացանցը։ Եթե մոտավոր մոտեցում ունենաս, գուցեեւ առաջին պահին կարելի լինի բավարարվել էլեկտրոնային տարբերակով, վերջին հաշվով, մեր խնդիրն ամբողջ հանրագիտարանային դաշտում հայկական նյութ դնելն է։



- Ֆինանսականից բացի, հասանելիության առումով ավելի շահեկան չի՞ լինի օնլայն տարբերակով ունենալ հայկական հանրագիտարան։



- Մեր գործը դրանից ոչ մի կերպ չի փոխվում։ Ես, աշխատակազմը՝ այսպես թե այնպես, այդ գործն անում ենք։ Հիմա եթե մենք պատրաստում ենք էլեկտրոնային տարբերակը, մեր գործը դրանով ավարտվում է, այդ ամենից հետո եթե հարմար կգտնեն թղթի վրա տպել՝ թող տպեն։ Մենք այստեղ խնդիր չունենք՝ գրքի տեսքո՞վ կլինի այդ հանրագիտարանը, սկավառակի՞, թե՞ օնլայն տարբերակով։ Մեր խնդիրը նյութը պատրաստելն է։



- Մամուլում գրված էր, որ նախատեսել եք նոր Հայկական ազգային հանրագիտարանը հրատարակել 10 հատորով, ամեն տարի՝ մեկ հատոր, որը կարժենա 50-60 մլն․ դրամ։



- Դա դեռ մոտավոր հաշվարկ է։



- Հետաքրքիր է՝ սովետական ժամանակ ի՞նչ թիմ էր աշխատում հանրագիտարանի վրա, եւ հիմա ի՞նչ աշխատակազմ ունեք։



- Մենք ժամանակին ունեցել ենք մինչեւ 15-16 ճյուղային խմբագրություն, ունեինք պատմության 3 խմբագրություն՝ հայ ժող․ պատմության, կուս․ պատմության եւ ընդհանուր պատմության խմբագրություն՝ իրենց վարիչներով, աշխատակազմով, ամեն մեկում աշխատում էր մոտ 4 խմբագիր, մեկ կրտսեր խմբագիր, մեկ բաժնի վարիչ, մոտավորապես 5-6 հոգի էր մեկ խմբագրությունում։ Եվ միայն պատմության գծով մենք ունեինք 15-16 հոգի, ես հիմա ամբողջ պատմության գծով ունեմ մեկ խմբագիր եւ մեկ հեռակա աշխատող։ Այսինքն՝ 16 հոգու փոխարեն ունեմ 2 հոգի։ Առաջ ունեինք մինչեւ 100 հոգի աշխատակազմ, եւ ամեն տարի մի հատոր էր լույս տեսնում, այսօր ամբողջ ստեղծագործական աշխատակազմը մոտ 20 հոգի է, իսկ մնացած աշխատակազմը՝ 14-15 հոգի։ Հնարավորությունների բացակայության պատճառով այսօր գլխավոր խմբագիրը տեղակալներ չունի։ Այսինքն՝ թիմը մոտ 4 անգամ կրճատված է։ Այն ժամանակ հրատարակչությունը երկրում բավականին բարձր համարում ունեցող հաստատություն էր՝ լուրջ աշխատավարձերով, պետությունն ամեն ինչ հոգում էր։ Մյուս կողմից էլ՝ այսօր ամեն ինչ շատ է հեշտացել, առաջ մատենագետները գրադարաններում էին աշխատում, իսկ հիմա կա ինտերնետ։



- Բայց ինտերնետում ինֆորմացիան հիմնականում չճշտված է, ինչպե՞ս եք այդ հարցը լուծում։



- Եթե մարդ նորմալ աշխատել գիտի ինտերնետով, ճիշտն ու սխալը միանգամից կտարբերի, բավական է 2-րդ, 3-րդ աղբյուրով ստուգես, ու ամեն ինչ տեղը կընկնի։



- Առաջ ընտանիքներում պատիվ էր տանը սովետական հանրագիտարանի հատորյակն ունենալ։ Հիմա, ի՞նչ եք կարծում, տպագրության դեպքում ինչքանո՞վ նոր հանրագիտարանը պահանջարկ կունենա։



- Մի գեղեցիկ ավանդույթ կար ժամանակին, ասում էին՝ հարս գնացող աղջկա հետ, որպես օժիտ, սովետական հանրագիտարանի 13 հատորյակը պետք է դնեին, հիմա այդպես չէ, իհարկե, եւ չպետք է մոռանանք, որ այն ժամանակ մեր հասարակությունն ավելի կարդացող էր, մարդիկ գրքերի համար գիշերով հերթ էին կանգնում գրախանութներում։ Այն ժամանակ մեծ պահանջարկ ունեցող գրքերը հրատարակվում էին 100 հազար տպաքանակով, հիմա, լավագույն դեպքում՝ 2-3 հազար։ Տեսեք՝ 25-30 անգամ նվազել է տպաքանակը, եւ գրքեր կան, որ մինչեւ վերջ չեն սպառվում։ Իսկ եթե այդ նոր Հայկական ազգային հանրագիտարանն ունենանք, նորից բաժանորդագրություն պետք է արվի։ Ես հիշում եմ, երբ առաջին անգամ տպագրվեց Հայոց ցեղասպանության քարտեզը, չուղարկվեց Մոսկվա, այստեղ պարտիզանական ձեւերով կարողացանք անցկացնել, տպագրվեց ու այստեղ էլ դրվեց գրքի մեջ։ Իսկ Ադրբեջանի 1-ին հատորն ընդհանրապես վառեցին։ Պատմական քարտեզներն այն ժամանակ տպագրվում էին Մոսկվայում եւ Մինսկում, Մոսկվայում գեոդեզիայի եւ քարտեզագրության գլխավոր վարչությունում նայում էին, որպեսզի տեսնեն՝ սահմանը, որ գծված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հանկարծ ձախ չի՞ գնացել, հանկարծ մեկի ոտքը մյուսի սահմանի մեջ չլիներ, եւ լինում էր, որ մերժում էին քարտեզները։ Հանրագիտարանները փնտրվող են եւ երբեք չեն հնանում, հիմա գալիս են մարդիկ ու մեզնից ուզում են սովետական հանրագիտարանի հատորները, բայց չունենք։