«SOS»-ի բումը

«SOS»-ի բումը

Զավեշտ է… Ոստիկանության 3 աշխատակիցներ` Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը, հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի, եւ պահանջում են նրան ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության։ Նրանք պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել ոստիկանությունից, քանի որ Վիլենը ոստիկանության գործունեությունը, այսպես ասած, լուսաբանող հաղորդման մեջ աշխատակիցների հասցեին նսեմացնող արտահայտություններ է թույլ տվել:



Հրաշալի է՝ «SOS»-ին կարճ ժամանակում հաջողվեց ոստիկանությանը խուճապահար անել: Համացանցում, եւ ոչ միայն, «SOS Գ/7» հաղորդաշարն իսկական բում է առաջացրել: Թիմին հաջողվեց հսկայական լսարան հավաքել: Յուրաքանչյուր հաղորդում 50-70 հազար դիտում է ապահովում, որը Հայաստանում աննախադեպ է նմանօրինակ հաղորդաշարի համար:



Բայցեւայնպես, ո՞րն է այս հաջողության գաղտնիքը: Նախ, թողարկումների դինամիկ սցենարը, ռեժիսորական աշխատանքը, երաժշտական ձեւավորումը, մոնտաժը, հաղորդման ընդհանուր ոճն իսկապես ստացվել են: Թեմատիկ թողարկումները հիմնականում վերաբերում են հասարակության մեջ առկա խնդիրներին՝ անարդարություններին, տարատեսակ ապօրինություններին, ռաբիսությանը: Բայց «SOS»-ն ընտրում է նաեւ ուրիշ թեմաներ, օրինակ՝ բուսակերության թեման… ու բացվում է, ղժժում իբր ձեւ բռնած բուսակերների վրա, որը ե՛ւ անհասկանալի է, ե՛ւ ակնհայտ ձախողված:



Հետաքրքիր է, որ տեսաֆիլմերի գլխավոր գործող անձի՝ Վիլեն Գայֆեջյանի «դերասանական խաղը» մեծ հաշվով աչքի չի ընկնում որեւէ առանձնահատկությամբ: Նրա ոճն ակնհայտ հիշեցնում է երեւանյան քուչեքում բնակվող շատուշատ քյառթ երիտասարդների՝ նույն ծամածռված դիմախաղը, նախադասությունների լղոզվածությունը, միտումնավոր թլիկությունը, ողջ քֆուրչիական բառամթերքը, ծաղրելու նույն սիստեմը: Վիլեն Գայֆեջյանին հաջողվել է ստեղծել ժամանակակից տղու ու քյառթի համախառն կերպար, որն էլ, ինչ խոսք, դուր է գալիս ե՛ւ «պռադվինուտիներին», եւ քյառթերին նաեւ ժողովրդի սրտից խոսելու հատկությունը՝ քֆուրի մշակույթը, որ միայն հովացնում է մարդկանց սրտերը՝ բերելով նորանոր դիտումներ:



Ծաղրն իրականությունը ջրի երես հանելու, զզվելի իրականությունը ցուցադրելու «SOS»-ի որդեգրած կենտրոնական ոճաբանությունն է… Մի իրականություն, որի մեջ ապրում ենք, եւ որի մասին գիտեն բոլորը, եւ ասեմ, որ իրականության մասին բարձրաձայնողները եւ այն պատկերագրողները Հայաստանում քիչ չեն:



Մի կողմից՝ «SOS»-ը ծաղրի օգնությամբ եւս մեկ անգամ վեր է հանում հասարակության համար կարեւորագույն հարցեր, մյուս կողմից փակում է այդ հարցերի ճանապարհը՝ խոսելով այս իշխանությունների բնորոշ լեզվով, որը պարտադրվել է հենց Վիլենի ու մյուսների սերնդին:
«SOS»-ը նոր լեզու, հումորի նոր մշակույթ չի ստեղծում: Ասում է՝ տեսեք, թե ինչպիսի ապօրինությունների ու արհեստական կաղապարների մեջ ենք ապրում, եւ հավաքում է իր դիտումները, ընդլայնում է համակրողների բանակը, որի հետ, չես հասկանում՝ ինչ է անելու, ինչ է առաջարկելու: Եթե որոշել ես խրվել հասարակական-քաղաքական ենթաշերտերի մեջ, եթե պատռում ես քո իրականության դիմակը, ապա գոնե մշակված համակարգ պիտի ունենաս, որոշակի փիլիսոփայություն, ելք մատնանշող թեկուզ փոքր ծրագիր, առանց որի անմտության ու դատարկության եզրին ես կանգնելու:



Իսկ ոստիկանների հայցն ընդդեմ հաղորդաշարի պարզապես ծիծաղելի է թվում: Պարզվում է՝ մարդիկ անհանգստացած են իրենց պատվով ու արժանապատվությամբ՝ մոռանալով իրենց անցյալի ու ներկայի «հերոսությունների» մասին:



 



Տաթեւ ԳՐԻԳՈՐՅԱՆ