Վերելակների վարչությունն ասում է, բայց հո «պեչատը» չի՞ խփում

Վերելակների վարչությունն ասում է, բայց հո «պեչատը» չի՞ խփում

Հիշու՞մ եք, մի քանի տարի առաջ որքան նորաձև էին արհեստական ուղեղ ունեցող վերելակ-մարդասպանների մասին ֆիլմերը։ Չնայած կարող ենք փաստել, որ մեր «հայկական» վերելակներն արհեստական ուղեղ չունեն, բայց այն, որ դրանք «մարդասպանի» հատկություններ ունեն, ոչ ոք չի վիճի։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 146 շենքի մարդատար վերելակը մեկն է այն «վախենալու» վերելակներից, որ նույնիսկ կոճակներ սեղմելը մահացու է․ փոքրիկ տարածություն, վառված կոճակներ, քիչ է մնում գլխիդ կպնող լամպ։ Բայց շենքի բնակիչները փառք են տալիս այս վերելակին։ Ավելի «դաժան» վերելակ էլ են ունեցել…



«2003 թվականին է դեպքը տեղի ունեցել, հունվարի 20-ին։ Վերելակի մեջ լույս չկար, միայն այդ լույսից խոսելով իջնում էինք։ Ոչ ձայն է եկել, ոչ մի բան, նորմալ իջանք մինչեւ 4-րդ հարկ։ Ես էի, 12 տարեկան աղջիկս եւ մեր 25-ամյա հարեւանը։ Լիֆտի դռները բացվեցին 4-րդ հարկում, փակվեցին, ու այդ «կաշմառն» սկսվեց։ Մի հատ ուժեղ ձայն, ես, ճիշտն ասած, գիտեի երկրաշարժ է, ես չեմ պատկերացրել, որ վերելակի հետ կապված խնդիր է։ Նույնիսկ հոսանքի լարերն էին պոկվել, ասացին՝ լավ է չեք հոսանքահարվել։ Մենակ թեւերս չեն ջարդվել՝ ողնաշարով, կողերով, ոտքերով լրիվ ջարդված էր։ Աղջկաս ոտքն էր ջարդվել, ազդրերը, կոնքերը, ոտքի կոճը։ Եվ երիտասարդի մի ոտքն էր ջարդվել, ողնաշարը, ատամնաշարը թափվել էր։ Հիմա Համլետը ոտքի ներքեւի հատվածում պրոթեզ է կրում»,- պատմում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 146 շենքի բնակիչ տիկին Մարիետան։ Շենքի բնակիչները մինչ այժմ էլ հիշում են, որ այդ ահասարսուռ պատմությունից հետո տիկին Մարիետան հիվանդանոցում իր մազերի միջից գտել է հարեւանի ջարդուփշուր եղած ատամները։ Պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել․ «Լիֆտերի վարչությունը վերացավ ընդհանրապես։ Ասեցին՝ այդ տեսակ բան չկա, լուծարվել է շատ վաղուց։ Մենք արդեն չիմացանք ում դիմենք, ումից ինչ պահանջենք»։ Դեպքը տեղի է ունեցել բեռնատար վերելակում, որն այդպես էլ տարիներ շարունակ չեն վերանորոգել, եւ բնակիչներն ստիպված են եղել իրենց ուժերով վերականգնել մարդատար վերելակը։ «Այս փոքր լիֆտը մեր բնակիչների գումարներով է վերականգնվել։ 14-րդ հարկի Կորյունը մատոռն է բերել Ղարաբաղից։ Տարբեր մարդիկ տարբեր մասեր են բերել՝ դեսից-դենից»,- այս մասին էլ մեզ տեղեկացրեց շենքի լիազոր Մարինե Բաբայանը։ 



«Զանգում ասում եմ՝ կնոպկան չի աշխատում, բանի տեղ չեն դնում։ Նոր տարվա օրը խնդրել-աղաչել եմ, որ այդ լինոլեումը փոխեն։ Կնոպկեքը վառվում են, ասում է՝ դա դրա մեջ չի մտնում։ Լույսին նայում ես, ասում ես՝ հեսա կընկնի գլխիդ։ Այդտեղ մի հատ ապակի կար, այդ ապակին կոտրվել է, ասում եմ՝ բերեք այդ ապակին գցեք, բա՝ չէ։ Ասում եմ՝ գոնե ինչ-որ մի բան արեք, որ բնակիչը տեսնի՝ 20 հազար ամեն ամիս տանում եք»․ տիկին Մարինեի խոսքերն են։ Մենք զանգահարեցինք հենց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վերելակների վարչություն։ Մեզ տեղեկացրին, որ վերելակի մասնագետները պարտավոր են 2-3 օրը մեկ գալ եւ ստուգել վերելակը, եթե պետք լինի՝ նույնիսկ օրվա ընթացքում 2-3 անգամ այցելել։ Վերելակի կոճակներն էլ պետք է իրենք փոխեն․ «Գործող վերելակի համար մասնագետն ամիսը վերցնում է 10 հազար դրամ, բնակիչները հնարավոր է ավել գումար հավաքեն լույսի վճարման համար»։ Հիմա էլ շենքի լիազորին զանգահարում են արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից, պահանջում են գալ եւ պայմանագիր կնքել։ «Ես էլ ասացի՝ պայմանագիրն ինչի՞ համար են կապում, բա՝ այնտեղ գումար պետք է մուծվի։ Ես պատասխանեցի, որ, որպես շենքի լիազոր, թաղապետարանի կողմից չեմ վճարվում, մենք առանձին ենք։ Մարդը համ տուժի, համ ԱԻՆ-ի համար մուծի, համ սպասարկման համար գումար մուծի, իրենց արած աշխատանքը ո՞րն ա՝ չես հասկանում»։



Պատահում է՝ մարդ է մահանում, այն էլ 14-րդ հարկի բնակիչ, ի՞նչ անել։ Օրինակ, այս շենքի բնակիչները պատմում էին, որ դագաղը կանգնեցրած վիճակում վերելակ են մտցնում եւ իջեցնում ներքեւ։ Բայց քանի որ նրանց համբերության բաժակը լցվել է, այժմ պահանջում են, որ իրենց բեռնատար վերելակը վերանորոգեն եւ շահագործեն։