Հանրային խորհրդի բազմազան օրակարգը

Հանրային խորհրդի բազմազան օրակարգը

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը երեկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու մասնավորապես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղեւորային համալիրի վերաբերյալ կոնցեսիոների կողմից ներկայացված խնդրի լուծման նոր տարբերակը, որի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու առաջարկով Հանրային խորհուրդ էր դիմել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:



Նիստը վարող մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ խորհուրդը հավաքվել եւ դեմ էր քվեարկել «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը։ Բայց քանի որ կոնցեսիոներն առաջարկություն է արել, ըստ որի հին շենքը պետք է ընդգրկվի օդանավակայանի բաղկացուցիչ մաս, ապա պետք է այդ հարցը նորից քննարկվի։ Քննարկմանը ներկա ճարտարապետ Լեւոն Իգիթյանը միանգամից անիմաստ համարեց հավաքը, քանի որ կոնցեսիոների առաջարկը պետք է քննարկվի հեղինակի հետ։



Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին խնդրեց, որ կոնցեսիոներն իրենց հետ հանդիպի, որովհետեւ հեղինակների կողմից կա ավելի լավ տարբերակ շենքը պահպանելու հարցում։ Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն իր հերթին նկատեց, որ կոնցեսիոները հրաժարվեց գալ, ապա կարծիք հայտնեց, որ երեւի բարձր ատյաններից պետք է զգուշացնեին։



Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը չի հավատում փոփոխություններին, ըստ նրա՝ այդ փոփոխությունը ենթադրում է շենքը հիմնովին փոփոխել, պահելով միայն կենտրոնական մասը, եւ հարցին պետք է նայել սկզբունքային, այսինքն՝ ընդհանրապես ձեռք չտալ շենքին․ «Ուզում են այդ շենքը կառուցել, հենա՝ ամբողջ Արարատյան դաշտավայրը ձեռքների տակ է»։



Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ փոփոխված տարբերակի մեջ երեւում է, որ հին օդանավակայանից պահված է միայն աշտարակը, իսկ օղակային եւ ճանապարհային հատվածը քանդվում է, փոխարենը՝ աջ կողմում կառուցվում է անհասկանալի մի շենք, որի բովանդակությունը հասկանալի չէ, եւ այդ 2 շենքը միացված է նոր օղակով․ «Ինչի հին օղակը չի՞ կարելի նոր օղակի փոխարեն օգտագործել եւ պրոբլեմներ չստեղծել»։ Արդյունքում առաջարկվեց կազմակերպել եւս մի քննարկում, բայց արդեն մասնագիտական՝ 2 կողմերի մասնակցությամբ։



Հանրային խորհրդի օրակարգի 2-րդ հարցը միավորված թատրոն ունենալու առաջարկությունն էր՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, բայց 40 տարի իրեն գրականությանը նվիրած Հովհաննես Աղաջանյանի կողմից։ Վերջինիս առաջարկը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ իր պիեսները թատրոնները դուրս են թողնում, իսկ այս դեպքում կստեղծվի մի հարթակ, որը հնարավորություն կտա նաեւ իրեն որպես հեղինակ ներկայանալու։



Նիստին ներկա էր նաեւ Սունդուկյան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, ով նշեց, որ դեմ է, որ այս փոքր երկրում այդքան պետական թատրոն լինի․ «Թատրոններին տրված միջոցներն իրենց տեսակարար կշռով համարյա հավասար են պաշտպանությանը տրվելիք գումարների տեսակարար կշռին։ Այս փոքր երկրում 26 թատրոնի փոխարեն 27-ն ունենալ՝ անտրամաբանական է, մենք այդքան ոչ հանդիսատես ունենք, ոչ էլ երկրում այդքան ժողովուրդ կա»։ Բայց Հովհաննես Աղաջանյանը դժվարանում էր բացատրել, թե ինչպես է պատկերացնում միավորված թատրոն ունենալու գաղափարը․ «Ես չեմ ասում՝ 27-րդ թատրոնը լինի, այլ Սունդուկյանը եւ դրամատիկականը 2 բեմով կլինեն մի թատրոն, եւ մնացած թատրոններն էլ, իրար հետ միավորվելով, կլինեն 200 դերասան ունեցող թատրոն։ Երեւանը, դրանից բացի, ունի եւս 2 դրամատիկական թատրոնի կարիք, մեկը Նորքի 1-ին զանգվածում է, մյուսն էլ՝ Հարավ-արեւմտյան թաղամասում, կլինի 4 բեմ, 3 թատրոն Երեւանում, եւ ոչ մի հաստիք չի ավելանում, միայն մի քանի տնօրենի հաստիք կկրճատվի»։ 



Խորհրդի անդամների կողմից հնչող հարցերն էլ ավելի էին շփոթեցնում Հովհաննես Աղաջանյանին ու խճճում հարցը, որից խորհրդի անդամները ոչինչ չէին հասկանում, ավելին՝ Աղաջանյանին խորհուրդ տվեցին զբաղվել ֆիզիկայով, ինչի մասնագետն է ինքը։ 



Աղաջանյանի անտրամաբանական առաջարկության մասին հետաքրքրվեցինք Գագիկ Մանասյանից, թե ինչպես եւ ինչ սկզբունքով են այս կամ այն առաջարկությունն օրակարգ մտցնում․ «Հանրային խորհուրդն ունի մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ ընդգրկված է նաեւ մեր հանձնաժողովը, ըստ թեմաների՝ Հանրային խորհրդի նախագահը մակագրում է որեւէ հանձնաժողովում քննարկելու, մենք իրավունք չունենք մերժելու, բոլոր նամակները քննարկում ենք՝ լավ, վատ, դրական, բացասական։ Դրանք քննարկման արդյունքում են մերժվում»։