Բուռնաշն ազատեց Տոմային

Բուռնաշն ազատեց Տոմային

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն աշխատանքից ազատել է Թամարա Սարյանին, որն արդեն 17 տարի «Հրազդան հոլդինգի» մամուլի ծառայության ղեկավարն էր եւ զբաղվում էր պատգամավորի PR-ով։ Թեեւ Աշոտ Աղաբաբյանի դեպքում ավելի ճիշտ էր խոսել ոչ թե PR-ի, այլ «ԴՓ»-ի` դեմքը փրկելու մասին, քանի որ նա, ինչպես հայտնի է, չափազանց անկեղծանալու սովորություն ունի, եւ իր այդ «ճշմարտության պահերին» ավել-պակաս բառեր է արտաբերում, որոնք հետո խնդիր են դառնում պատգամավորի համար։ Այնպես որ, Տոմայի ծառայություններն Աշոտ Աղաբաբյանին շատ էին պետք։



Մանավանդ, որ Թամար Սարյանը լրագրության եւ PR ոլորտում է 90-ականների կեսերից։ Նա երկար տարիներ քաղավիացիայի վարչության հասարակական կապերով է զբաղվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Երեւանի քաղաքապետարանի, 4 տարի էլ ղեկավարել է Աղաբաբյանին պատկանող «Դար 21» TV-ն։ Պետք է որ գործարարը Տոմայից ազատվելու լուրջ պատճառ ունենար։ Թամար Սարյանն ասաց, որ չգիտի Աղաբաբյանի նման որոշում կայացնելու պատճառը, ինքը ներկայում արձակուրդում է։ Բայց լրագրողական շրջանակում խոսում են, որ Աշոտ Աղաբաբյանը նկատողություն է արել Թամար Սարյանին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ Ֆեյսբուքում ընկերանալու համար։ Աշոտ Աղաբաբյանը ժխտում է սա։



- Ի՞նչ կապ ունի Արգամիչի տղան, թե եսիմ ով։ Հիմնարկը վճարունակ չի, ի վիճակի չի վճարելու աշխատողներին։ Մենք շատ աշխատողների ազատել ենք աշխատանքից։ Ես 22 տարվա աշխատող եմ ունեցել, գործից ազատել եմ։ Ի՞նչ անեմ, չեմ կարողանում վճարել։ Մնա մոտս, պա՞րտք կուտակվի վրես։ Հնարավորություն կլինի՝ հետ կբերեմ բոլորին էլ։



- Իսկ գուցե, այնուամենայնիվ, լարվածությո՞ւն կա ՀՀԿ-ի տարբեր թեւերի միջեւ՝ Գալուստ Սահակյանի, որի մերձավորներից եք Դուք, եւ Հովիկ Աբրահամյանի։



- Ես ոչ Արգամիչի հետ կապ ունեմ, ոչ էլ Գալուստ Սահակյանի։ Ես Աղաբաբյան Աշոտն եմ, որը 87 թվից պայքարն սկսել է։ Էդ մարդիկ ո՞ւր էին, որ ես պայքարն սկսել էի։ Ինձ խի՞ են տանում-կապում էդ մարդկանց հետ։



- Բայց Դուք միայն ստադիոնով չեք ապրում, չէ՞, որ մամուլի քարտուղարին չեք կարողանում վճարել ու այդ պատճառով ազատում եք։



- Ես Տոմայի երեխայի համար ինչ հնարավորություն ունեցել եմ, արել եմ, որ ուսման վարձ մուծեն, եւ այլն։ Հիմա որ հնարավորություն չունեմ, ի՞նչ անեմ։ Էնպես չի, որ ստեղից-ընդեղից ով ինչ խոսում ա, պատճառ անեմ՝ ազատեմ։ Ես ասում եմ ձեզ՝ մարդ եմ ազատել, ով 74 թվից ստեղ աշխատում էր։ Անգամ թոշակի էր, պահել էի, աշխատում էր։ Բայց ինչքանո՞վ է ճիշտ, եթե դու մեկին չես կարողանում վճարել, ինքը քեզ համար ինչքա՞ն աշխատի։