Երեխեք ջան, իրար դավաճան մի ասեք…

Երեխեք ջան, իրար դավաճան մի ասեք…

… Բա ի՞նչ էիք ուզում:



Ուզում էիք , որ քաղաքական փորձ չունեցող երիտասարդները ժամացույցի ճշգրտությամբ աշխատեի՞ն: Ուզում էիք, որ իշխանությունները հեշտ ու հանգիստ ասեին՝ եկեք Բաղրամյանի առաջ ֆուտբոլ խաղացեք ու մեր դարպասը գրավե՞ք: Ուզում էիք, որ քաղաքական պատային ականներ չօգտագործվե՞ին:



Այդքանն ուզելուց հետո ի վերջո ուզում էիք, որ մեր մաքուրով պայքարող երիտասարդները երկու մասի չբաժանվեի՞ն:



Հիմա էլ ուզում եք, որ Բաղրամյանում ու Ազատության հրապարակում գտնվողների մեջ դավաճաններ գտնե՞ք, իրար դեմ հանե՞ք, շարժումը պառակտե՞ք…



Մարտի 1-ին էլ էր այդպես. ժողովուրդը երկու մասի բաժանվեց և տուր, թե կտաս: Ասենք, որ ժողովրդի մեջ դավաճաններ կայի՞ն…



Ասեք, հազար անգամ ասեք, բայց երեխեք ջան, իրար դավաճան մի ասեք… Դուք իրար դեմ չեք պայքարում, դուք տարբեր բաներ չեք ուզում, դուք նույն բանն եք ուզում, իսկ նույն բան ուզողները, նույն գաղափարով առաջնորդվողները չե՜ն դավաճանում: Նրանք տարբեր մոտեցում են ունենում, բայց դա դավաճանություն չի…



Դավաճանություն, դավադրություն, սադրանք սպասեք նրանից, ումից պահանջում եք: Տալը հե՞շտ է, ուզած բանը պակասեցնելը հե՞շտ է: Շատ էլ, թե ասում եք, որ հարցը սոցիալական է, բայց սոցիալականը քաղաքականից կարող է ավելի մեծ թափ ստանալ, որովհետև մի կողմում «տռզած բեզռազմերնի գրպան է, որի տերն ուզում է անընդհատ լցնել», մյուս կողմում ոսկոր ու կաշի դարձած անճար ժողովուրդն է, ով բան չունի տալու…



Հիմա ի՞նչ՝ ուզողին պատին եք դեմ տվել և ուզում եք, որ քայլ չձեռնարկի՞…



Ամեն ինչ նորմալ է, նույն ոգով ու համախմբվածությամբ շարունակեք, մանավանդ որ իշխանությունն էլ «չի ուզում», որ ձեր շարժումը մարի ու անընդհատ «անհանգստացած հայտարարություններ է անում»՝ սադրիչներ կան, շարժումը չպետք է կոտրել…



Այսքանից հետո չեք մտածու՞մ, թե որտեղ է թաքնված սադրանքի գլուխը:



Պիտի միանաք, շատ արագ: Որ չկոտրվեք: Որ չկոտրեն:



 



Հասմիկ Բաբաջանյան