Ցավալի է, որ ԱԽՔ-ի պաշտոնում նշանակում են՝ լիակատար ախք դարձնելուց հետո

Ցավալի է, որ ԱԽՔ-ի պաշտոնում  նշանակում են՝ լիակատար ախք դարձնելուց  հետո

Իշխանական կուլիսներում ավելի որոշակի են խոսում, որ Արմեն Աշոտյանը մոտ ժամանակներս կնշանակվի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Կարծում եմ՝ դա ոչ մեկին ոչ զարմացնում, ոչ հետաքրքրում է: Յուղի պուլիկը մի տեղից վերցնում, մի ավելի պատվավոր տեղ են դնում: Բոլորս էլ գիտենք:



Բայց որ ասեմ այդքան անհետաքրքիր հարցի մեջ մի հետաքրքիր բան եմ գտել, հավանաբար զարմանաք:



ԱԽՔ-ի պաշտոնում մարդուն նշանակում են՝ միայն ախք սարքելուց հետո: Ժողովրդի աչքում վարկաբելելուց, մի լավ ծիծաղելի դարձնելուց հետո: Ինչու՞, ու՞մ ցուցումով էր Աշոտյանը գնացել Բաղրամյանի պողոտա:



Կարծում եմ՝ ոչ սեփական նախաձեռնությամբ, որովհետև դժվար չէր կռահել գլխին գալիքը:



Չեմ ասում, որ մինչ այդ Աշոտյանը ժողովրդի աչքի լույսն էր, բայց այդքան բացահայտ կրակահերթի տակ դեռ չէր ընկել: Պատահականությու՞ն էր դա: Կարծում եմ՝ ոչ:



ԱԽՔ-ի պաշտոնում նստում է սովորաբար հանուրի կողմից չընդունված մեկը: Պատճառն էլ ասեմ՝ ինչու: Որ երկրի անվտանգությունը «պաշտպանի թշնամի ժողովրդից»: Այդ պատճառով նման մարդուն դարձնում են ժողովրդի աչքի գրողը: Իսկ Աշոտյանը ֆեսբուքով բավականին համակիրներ էր ձեռք բերել՝ իր շփման, ինչ որ տեղ հանդուրժողական գործելաոճով, որը չէր համապատասխանում ԱԽՔ-ի պաշտոնի անհրաժեշտ բաղադրիչներին: Հարկավոր էր նրա միջից մինչև վերջ արմատահան արվեր «ժողովրդական բաղադրիչները»:



Ոնց որ թե ստացվեց: Առաջիկայում մի երկու նման բան էլ կարվի, որ ամեն ինչ տեղը տեղին լինի:



Հասմիկ Բաբաջանյան