«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը դժգոհ է․ «Թող կուսակցություններով հայտարարություններ տարածեին, որ մի ճակատ են կազմում, ու գային, մտնեին ժողովրդի մեջ»

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը դժգոհ է․ «Թող կուսակցություններով հայտարարություններ տարածեին, որ մի ճակատ են կազմում, ու գային, մտնեին ժողովրդի մեջ»

«Նենց տպավորություն ա ստեղծվում, որ սենց մի հատ գիծ ա քաշվել՝ ով որ չի ասում, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջում, նա կեղծ ա»,-այսօր քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ հրավիրված մի քննարկման ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը և ժողովրդի հիասթափության «գաղտնիքը» բացեց․ «Երբ որ քաղաքական ուժեր կամ կոնկրետ նախաձեռնություններ դուրս են գալիս, Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, ինչ-որ ժամկետներ են դնում ու չեն հասնում արդյունքի, այ էստեղից էլ գալիս ա հիասթափությունը։ Հիմա որ մենք ասենք՝ Սերժ Սարգսյան հեռացիր, ու չհասնենք դրան, ժողովուրդը էլ մեր հետևից չի գա»։



Այնուհետև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը դժգոհություն հայտնեց քաղաքական ուժերից, որ նրանք չեն եկել ու իրենց չեն միացել Բաղրամյան պողոտայի պայքարի օրերին։



«Խնդիրը էստեղ ա, որ ինչ-որ մի նախաձեռնություն ինչ-որ մի բան է անում, մնացածը կողքից ասում են՝ դե մենք էս քայլին համաձայն չենք, ես կարծում եմ՝ սա սխալ մոտեցում է։ Մենք հասկանում ենք, որ պետք է փոխվի, ու դրա համար պետք է կամաց-կամաց հասնենք էս ամենյ ինչին, իսկ դրա համար պետք ա մի բան՝ համախմբվածություն»,-ասաց նա ու դժգոհեց, որ քաղաքական ուժերը չեն միացել իրենց այդ օրերին, միայն նրանց երիտթևերն են սատարել, իսկ քաղաքական ուժերի կողմից աջակցություն՝ որպես այդպիսին, չի եղել։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե իրենք ի սկզբանե վանում էին քաղաքական ուժերին, չէն ցանկանում, որ գային, խառնվեին, քաղաքականացնեին իրենց շարժումը, Արթուր Քոչարյանն ասաց․ «Նախ ոչ թե չքաղաքականացնեն, այլ չկուսակցականացնեն, երկրորդ՝ մենք չենք ասել, որ գան բարձրախոսը մեր ձեռքից խլեն, կանգնեն հարթակում և մեր տեղը խոսեն։ Կարող էին գալ ուղղակի որպես սովորական քաղաքացի։ Մինչև պատգամավոր լինելը, նրանք նախ քաղաքացի են, հետո՝ պատգամավոր։ Կամ թող կուսակցություններով հայտարարություններ տարածեին, որ մի ճակատ են կազմում, ու գային, մտնեին ժողովրդի մեջ։ Պետք չէր նրանք գային, կանգնեին, հարթակում իրար ձեռք բռնեին, այլ, պարզապես, կարող էին իրենց մասնակցությամբ ամբողջ աշխարհին․․․ հետո էլ ասում եք՝ Սփյուռքը չի օգնում․․․»։



Մեր մյուս դիտարկմանը, որ մասնակցություն շատ ուժերի կողմից եղել է, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Զուրաբյանը և այլք ժողովրդի մեջ կանգնած են եղել այդ օրերին, Ա․ Քոչարյանը նկատեց, որ դա անհատական մասնակցություն է եղել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ