«ԲՀԿ»-ն «Ոչ»-ի շարժմանը չի միանում

«ԲՀԿ»-ն «Ոչ»-ի շարժմանը չի միանում

ԲՀԿ-ը Սահմանադրական բարեփոխումների դեմ «ոչ»-ի շարժմանը չի միանալու. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և տեղեկացրեց, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել,  ԲՀԿ-ի քաղաքական խորհրդում քննարկումները շարունակվում են, շուտով քաղաքական վերջնական որոշում կկայացնեն:



««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրության նախագծի հիմքում իշխանության վերարտադրության մտավախության խնդիր չի տեսնում: Մեզ համար ամենակարևոր խնդիրը որոշումներ կայացնելու մենաշնորհն է։ Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացնել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթները, որովհետև կաշկանդված է նախագահի ինստիտուտից։ Իսկ նոր Սահմանադրությամբ, վարչապետը լինելով թիվ մեկ դեմք, չունի ազդեցություն դատարանների վրա ու մի շարք այլ կառույցների վրա»,-ասաց նա և հիշեցրեց, որ ԲՀԿ-ի 2012թ-ի նախընտրական ծրագրում ներառված է եղել, անցումը խորհրդարանական կառավարմանը։



 Մելքումյանը տեղեկացրեց, որ եթե ՀՀ նախագահից ստանան Սահմանադրության նախագծի մասին քննարկումներին մասնակցելու հրավեր, ապա, անպայման, կընդունեն այն, քանի որ հարգում են նախագահի ինստիտուտը։ «Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը վերաբերում է երկրի ու ժողովրդի ճակատագրին»,-ասաց նա։



Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ վերահաստատեց Մելքումյանի խոսքն, որ վերարտադրության խնդիր չկա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀԿ նախագահ, կարող է ղեկավարել նաև իր ուժի կողմից ընտրված պաշտոնյանին, պատասխանեց. «ՀՀ նախագահն ասել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո նա որևէ պաշտն չի զբաղեցնելու»: