Բավարարվել է ՀՅԴ-ի 25 տարվա պահանջը

Բավարարվել է ՀՅԴ-ի 25 տարվա պահանջը

Նոր Սահմանադրության նախագիծը ԱԺ հասնելուն պես ոտքի է հանել դրա թունդ աջակիցներին: ՀՅԴ-ականներն այսօր մամլո ասուլիս տվեցին ու այնպես գովերգեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունները, որը չի արել ամենամոլի ՀՀԿ-ականը: Qանի որ բավարարվել է այս կուսակցության 25 տարվա պահանջը՝ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ.



«Մենք այդ պահանջն ունեցել ենք 25 տարի, 25 տարի պայքարել ենք... ՀՀ-ում բոլոր պրոբլեմների հիմքը քաղաքական է: Այս համակարգը մենիշխանություն ծնող եւ մենիշխանության տանող համակարգ է, թիվ մեկ խնդիրն էր ազատվել այդ համակարգից, որպեսզի գնանք իշխանության ապակենտրոնացման: Մենիշխանություն չի լինի այս համակարգում: Հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Խորհրդարանական կառավարման համակարգում այդ ամենը բացառվում է: Եթե առաջ 51 տոկոս մեկն էր ստանում, 49 տոկոս՝ մյուսը, 49 տոկոս հավաքածը միանգամից վերանում էր քաղաքական դաշտից: Այս ընթացքում լսում ենք տարբեր քաղաքական ուժերի մեկնաբանությունները եւ զարմանում ենք: Մեկն ասում է՝ ԱԺ նախագահն է ամենամեծ լիազորությունները տերը, մյուսն ասում է՝ չէ, վարչապետն է: Ամեն մեկը իր հայացքով է նայում: Պետք է խոսել ապակենտրոնացման մասին, բաշխված են բոլոր լիազորությունները», ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:



ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ իրենց կուսակցությունը երեք սկզբունք ուներ՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգի, 100 տոկոս համամասնական ընտրակարգ, ընդդիմությանը իրական լծակներ տալ՝ ազդելու իշխանության վրա. «Այս երեք սկզբունքներն արտացոլված են ներկա Սահմանադրության տեքստում: Իբրեւ քաղաքական ուժ, որն իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր մոտեցումները հաղթանակել են: Որեւէ քաղաքական ուժի համար ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել, որ 5 հոգանոց պատգամավորական խմբով իր մոտեցումներն առաջ տանի: Քաղաքական ուժը նրա համար է, որ իր ծրագրերը, իր պատկերացումներն առաջ մղի: Այս փաստաթուղթը մեզ բավարարում է: Ամեն ինչ անելու ենք, որ ժողովուրդն ընտրի նոր Սահմանադրությունը, եւ մենք գնանք բոլորովին նոր ուղղությամբ»: