Նիկողոսյանն այլևս իմ խորհրդականը չէ

Նիկողոսյանն այլևս իմ խորհրդականը չէ

«Անդրանիկ Նիկողոսյանը, նախ՝ իմ օգնականը չէր, այլ՝ խորհրդականը, բայց շատ վաղուց էդ խնդիրը դադարեցված է»․ երեկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեր զրույցում այսպիսի հայտարարություն արեց: Ե՞րբ են Նիկողոսյանին ազատել Նաղդալյանի խորհրդականի պաշտոնից, մինչեւ վերջերս Նաղդալյանի գործուղումների լուսանկարներից երեւում էր, որ երիտասարդը տիկնոջ հավատարիմ ուղեկիցն է։ «Շատ վաղուց, այն պահից, երբ դադարեցվեց հայ-ռուսական բարեկամական ակումբի նախապատրաստումը, որովհետեւ իր խնդիրը դա էր»,- ասաց Նաղդալյանն ու անկեղծացավ, որ Նիկողոսյանին իր խորհրդականի կարգավիճակը պետք է եղել, որպեսզի կարողանա մուտք գործել ԱԺ տարածք: ԱԺ-ում Հայ-ռուսական ակումբի բացումը, հիշեցնենք, 2013-ի դեկտեմբերի 3-ին էր։ Ակումբը ֆինանսավորվում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության եւ «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնի կողմից, որի ղեկավարն Անդրանիկ Նիկողոսյանն է՝ մեծ աղմուկ հանած պուտինյան ակումբների հիմնադիրը, Հայաստանը Ռուսաստանին միացնելու գաղափարի հեղինակը: Նաղդալյանի օգնական նշանակվելու մասին հանրությանը հայտնի դարձավ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի երեւանյան այցից ու այս ակումբում տեղի ունեցած սկանդալային քննարկումից հետո: Ի դեպ, Անդրանիկ Նիկողոսյանը հայտնի է «Ձուկ Անդո» մականվամբ: Նա իր մականունը վաստակել է վարչապետի ընտանիքի բիզնես գործընկերը լինելու ընթացքում, երբ Ռուսաստանի Դաշնությունում իրացրել է Ջոնիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարանի արտադրանքը: Ասում են՝ հենց այդ ծառայության համար է նա 2013 թվականին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից արժանացել պատվո ոսկե մեդալի, ապա դարձել Հերմինե Նաղդալյանի խորհրդականը: Սակայն առնվազն տարօրինակ է, որ մամուլը շարունակաբար գրում է, որ Անդրանիկ Նիկողոսյանը Նաղդալյանի խորհրդականն է, իսկ ինքը՝ տիկին Նաղդալյանը, եւ ԱԺ աշխատակազմը որեւէ կերպ չեն հերքում այդ տեղեկությունը եւ չեն հրապարակում նրա ազատման հրամանն ու դրա արձակման ժամկետը։