Սրանով հավերժորեն ապահովում ենք Հանրապետականի իշխանությունը

Սրանով հավերժորեն ապահովում ենք Հանրապետականի իշխանությունը

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ



- Ի՞նչ եք կարծում, սահմանադրության ներկայացված տարբերակին «ոչ» ասելու շուրջ ճակատ կձեւավորվի՞, թե՞ ոչ։



- Այո, կարծում եմ՝ կձեւավորվի։ Ըստ որում, բավականին լայն ճակատ, որովհետեւ այստեղ քաղաքական կամ տնտեսական հայացքներն սկզբունքորեն կապ չունեն, այլ կապ ունի, թե ինչպես են վերաբերվում այս սահմանադրական փոփոխություններին։ Սովորաբար, նման ճակատներում կարող են հայտնվել ուժեր, որոնք մինչ այդ միմյանց հետ համագործակցելու օրակարգ չունեին։ Կարծում եմ, որ որեւէ ուժ չի ստանձնի եւ չի ասի՝ ես կազմավորում եմ ճակատ։ Այն կձեւավորվի ինքնըստինքյան։ Երկրորդը՝ կարծում եմ, որ նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով գործող երիտասարդները հուսախաբ չեն անի հասարակությանը։ Հենց որ նրանք սկսեցին հարձակվել քաղաքական կուսակցությունների վրա, նրանք, ովքեր որ դեմ են կուսակցություններին, հենց սկսեցին ասել՝ մենք քաղաքացիական շարժում ենք ուզում, ոչ կուսակցական, ուրեմն հասկացեք, որ տվյալ շարժումն իշխանությունների ստեղծած քաղաքացիական նախաձեռնությունն է։ Ես գիտեմ, որ մի քանի լավ քաղաքացիական նախաձեռնություն կա, նաեւ մի քանի քաղաքական լուրջ կուսակցություն, որոնք լայն ճակատ են կազմելու այս սահմանադրության դեմ։



- Իսկ հասարակությունը, ժողովուրդը կգնա՞ այս ճակատի հետեւից։ Ժողովրդի մեջ կա՞ «ոչ» ասելու ցանկությունը, թե՞ անտարբերությունն է իշխում։



- Կա ու շատ։ Եթե մտնում ես մի հատ գյուղ, 5 րոպե խոսում ես, տառացիորեն հեղափոխվում են։ Եթե ուշադրություն եք դարձրել, որոշ քաղաքական լիդերներ որդեգրել են կեցվածք, թե սա մեզ չի վերաբերում։ Այդպես չէ։ Սա չի կարող չվերաբերել նորմալ մարդկանց։ Որովհետեւ, առաջինը՝ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը որեւէ կերպ ադեկվատ չէ պետության եւ հասարակության առաջ կանգնած խնդիրներին։ Երկրորդը՝ սա այնպիսի փաստաթուղթ է, որը վերաբերում է մեզ, եւ մենք չենք կարող չմտնել այս խոսակցության մեջ։ Ըստ էության, չգիտես որտեղից, անցում է կատարվում ինչ-որ համակարգի, որը, չգիտես ինչու, անվանվում է պառլամենտական, եւ որի միակ աչքի ընկնող չակերտների մեջ գիծն այն է, որ գործնականում չկա որեւէ ինստիտուտ, որն ուղղակի ձեւավորվում է ընտրությունների արդյունքում։ Սա պարզապես աղետ է։



- Դուք խնդիրն ուսումնասիրել եք, 6 էսսե եք գրել, մանրամասն բացատրել եք, թե ինչու չի կարելի ընդունել այս սահմանադրությունը։ Բայց չէ՞ որ պառլամենտական համակարգն ավելի դեմոկրատական է, ի վերջո, քան նախագահականը։



- Ես ասել եմ արդեն, որ անգամ եթե գրված լիներ շատ լավ սահմանադրություն, ես դեմ եմ պատերազմյան շրջանում պառլամենտական համակարգին անցում կատարելուն։ Նախագահական համակարգի դեպքում մի հոգի կոնկրետ պատասխանատվություն ունի։ Ներկայացված փաստաթուղթը, սակայն, որեւէ աղերս պառլամենտական հանրապետության հետ չունի։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ էլ, ում հետ խոսել եմ, բոլորը դեմ են այս փոփոխություններին։



- Այսինքն՝ հրապարակավ այլ կարծիք են հայտնում, մասնավոր զրույցներում՝ ա՞յլ։



- Բոլորը հասկանում են, որ այդպես չի կարելի, եւ ընդունում են՝ ասելով, որ այս փոփոխությանը նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանն է դեմ։ Բայց նրանք չեն կարող հանդուրժել, որ իշխանափոխություն տեղի ունենա։ Սա է խնդիրը։



- Պառլամենտարիզմի իմաստով Դուք հետընթաց եք արձանագրել, բայց կլասիկ պառլամենտարիզմի համակարգն ավելի թույլ է, չէ՞։



- Եթե դուք գնայիք պառլամենտական հանրապետության, այո։ Բայց իրենք գնացել են պառլամենտական հանրապետության կայուն մեծամասնության եւ ընտրիչների ժողովի թեզերով (դրանով ՀՀ նախագահի ապագա ընտրությունները վերածվել են ֆարսի, քանզի ընտրիչների կեսն արդեն հայտնի են՝ հանրապետականները)։ Եթե ունենք նախագահական համակարգ, դիկտատորը մի մարդն է, իսկ այս դեպքում մենք կուսակցությանն ենք դարձնում դիկտատոր։ Օրինակ, հաճախ մեր իշխանավորներն ու օլիգարխները մարդ են սպանում, ծեծում, դրամաշորթությամբ զբաղվում։ Բոլոր այդ գործերը փակվում են։ Բայց դե գոնե գիտենք, ասում ենք, որ հանրապետության նախագահը կարող է հարցը լուծել (եթե ուզում է)։ Իսկ հիմա այդ հնարավորությունը վերանում է։ Ստացվելու է ոչ թե պառլամենտական հանրապետություն, այլ՝ կուսակցապետություն։ Ասենք թե, արդեն ստեղծվել է այդ «պառլամենտական» հանրապետությունը։ Դուրս են գալու հանրապետականները մեկ-մեկ, դու հարցնելու ես, ասելու է՝ դատապարտում եմ, բայց մեջն ի՞նչ կա։ Այսինքն, երկրում կատարվելու են շատ բացասական գործընթացներ, գործողություններ, որոնց հեղինակներին հնարավոր չի լինելու գտնել, չեն լինելու պատասխանատուներ։ Քանզի չկան ուղղակի, համընդհանուր, ազատ ու գաղտնի ընտրություններ՝ առանց սահմանափակումների։ Այսպիսի «պառլամենտարիզմն» անընդունելի է։



- Ինչպիսի՞ն պետք է լիներ իդեալում խորհրդարանական համակարգը, ըստ Ձեզ։



- Եթե գնում ենք պառլամենտականի, երեք բան է պետք։ ԱԺ անառարկելի ընտրություն՝ առանց կայուն մեծամասնության թեզի, երկպալատանի, եւ երկրորդը՝ սահմանադրությունից դուրս ենք հանում ենթաօրենսդրական ակտեր ընդունելու կառավարության իրավունքը։ Բայց սրա դեպքում էլ ասում ենք՝ տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում Իտալիայում եւ Հունաստանում։



- Իշխանափոխությունն այս բարեփոխված տարբերակով հնարավո՞ր է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս։



- Ոչ։ Այս տարբերակում մենք հավերժորեն ապահովում ենք Հանրապետականի իշխանությունը։



- Իսկ եթե ԱԺ ընտրություններում ձայների մեծամասնությունն առաջին փուլում ստանա ընդդիմությո՞ւնը։



- Չի կարող ստանալ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը մտնում է ընտրական փուլ՝ պլյուս 28 տոկոս։ Այս 28 տոկոսը կազմում են ծառայողները, բանակը, ոստիկանությունը, որոնք կրկնապատկվել են այս ընթացքում։ Նա արդեն 28 տոկոսն ունի, դու չես կարող նրան հաղթել, քանի որ նա միշտ էլ առնվազն երկրորդ փուլ դուրս եկող ուժերից մեկն է։



- Դուք գրել եք, որ նախագահն ուժեղ ֆիգուր է, ոչ թե թույլ, ինչպես ներկայացնում են հեղինակները, ինչո՞ւմ է նախագահի ուժը։



- Ես հստակ եմ ասել՝ կա 3 ուժեղ ֆիգուր՝ ԱԺ-ն, որը կարողանում է բլոկ անել վարչապետին եւ նախագահին, նախագահը, որը բլոկ է անում ԱԺ-ին եւ կառավարությանը, եւ վարչապետը, որը բլոկ է անում նախագահին եւ ԱԺ-ին, բայց այս երեքի դատավորը կուսակցական մեծամասնությունն է։ Այս սիստեմն է մոգոնված։ Այսինքն, ամենաուժեղ ֆիգուրն ստացվում է որեւէ պաշտոն չունեցող կուսակցության ղեկավարը։ Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա ունի նույն իրավունքները, առանց փոփոխության։ Մեկ փոփոխություն կա՝ անվտանգության խորհրդի նիստերը ղեկավարում է վարչապետը, ոչ թե նախագահը։ Վերջինս, ինչպեսեւ նախկինում, նշանակում է դեսպան, նախարարներին, վարչապետին, ստորագրում է օրենքները։ Բա արժե՞ նման լիազորություններ ունեցող նախագահին նշանակի ԱԺ-ն եւ Հանրապետական կուսակցության ակտիվը։ Որովհետեւ ընտրիչների ժողովը ոչ այլ է, քան Հանրապետական կուսակցության ակտիվ։



- Ընտրիչներին ինչպե՞ս են ընտրելու։



- Օրենքով կընտրեն։ Օրինակ, ՏԻՄ ներկայացուցիչները կդիմեն հանրապետության 150 խոշոր բնակավայրերին, կասեն՝ ներկայացուցիչներ տվեք։ Պարզ է, որ արդեն հանրապետական են դրանք լինելու։ Այսինքն, այս սահմանադրության դեպքում հնարավոր չի լինելու փոխել Հանրապետական կուսակցության գերիշխանությունը։ Մի կուսակցություն, որը վերջին 8 տարում տապալել է իր խոստումները։ Օրինակ, խոսք էր տվել տարեկան 7 տոկոս աճ։ Այսօր 72 տոկոս աճի փոխարեն ունենք 11 տոկոս աճ, այն էլ՝ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության շնորհիվ։ Բյուջեն 3 մլրդ․ դոլարից իջել է 2 մլրդ․ 200 մլն․ դոլարի, 8 տարում (ծախսերի մասով)։ Մենք փակում ենք ցանկացած հնարավորություն՝ այս երկիրն առաջ տանելու։



- Նայենք տնտեսությանը, ի՞նչ է առաջարկում այս սահմանադրությունը վատ վիճակում գտնվող մեր տնտեսության համար։



- 10-րդ հոդվածում ասվում է, որ մեր տնտեսակարգը սոցիալական շուկայական համակարգն է։ Այդպիսի բան չկա։ Սոցիալականությունը շուկայականության հետ կապ չունի։ Սովորաբար, նման ֆրազներով կուրսայիններին ես նշանակում եմ «երկուս»։ Բերեմ այլ ֆրազ։ Պետական ուսումնական հաստատութուններում ուսուցումն անվճար է։ Անվճար ուսուցում չկա։ Պետությո՞ւնը չի վճարում։ «Անվճար ուսուցում» արտահայտությունը տեղին կլիներ Խորհրդային Միությունում, որտեղ ամեն ինչ պետական էր, բայց մի երկրում, որտեղ մասնավորը գերակայում է, ուսուցման ոլորտում եւ մասնավորը կա, եւ պետականը, պետականն էլ անվճար չէ։ Արդեն այն պետական պատվերի է վերածվում։ Տեքստի որակն ինձ ապշեցրեց։ Կամ՝ մարդու իրավունքներն ավելացնում են, բայց ընտանիքի անձեռնմխելիությունը կարող է զոհաբերվել հանուն հասարակական շահի։ Կամ՝ սահմանադրության սկզբում գրվում է մի 25-30 օրենք, որն ասում է՝ օրենքը որոշում է սա, եւ այդ բոլոր կետերը վերաբերում են հիմնարար ազատություններին, սահմանադրությունն այդ հիմնարար ազատությունների մասին ասում է, որ դրանք որոշվում են օրենքով։ Ստացվում է, որ օրենքը բարձր է սահմանադրությունից։ Կամ՝ կա ֆրազա, որ պետության էական եկամուտները պետք է հաստատվեն ԱԺ-ի կողմից, այսինքն՝ կան էական եւ ոչ էական եկամուտներ։ Կամ՝ որ մարդու տունը կարելի է վերցնել, տալով համարժեք փոխհատուցում։ Այստեղ անմիջապես պետք է նշել, որ դա դատարանն է որոշում։ Կարծում եմ, որ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ այս խումբը կատարել է շատ թույլ աշխատանք։



- Պատերազմական իրավիճակում ի՞նչ է լինում։



- Հանրապետության նախագահը նշանակում է զինվորականներին, զինուժի գլխավոր շտաբի պետին, բայց երբ որ պատերազմ է լինում, վարչապետը գալիս է՝ գլխավորում է։ Բա այդ վարչապետը չի՞ ասի՝ այս կադրերով ես չեմ կարող աշխատել։ Կամ՝ ինչո՞ւ ենք մենք նսեմացնում, անպատվում պաշտպանության նախարարի դերը՝ թե ներկա, թե ապագա։ Եթե ծանր պահին վարչապետին ենք կանչելու, որ գլխավորի զինուժը, ինչո՞ւ զինվորականների նշանակման լիազորությունը չենք տալիս վարչապետին, որ նա նշանակելուց իր թիմը նշանակի, կարողանա աշխատել։



- Ինչպե՞ս է գրվել սահմանադրությունը, ի՞նչ միջոցներով։



- Ես առաջարկում եմ այդ հարցը տալ Վարդան Պողոսյանին, Գերմանիայի միջազգային համագործակցության (GTZ) ընկերության ներկայացուցիչներին (այդ կազմակերպությունը հրապարակեց սահմանադրության իրենց հայեցակարգը, բայց հրաժարվեց հրապարակել իմ հայեցակարգը)։ Ես դիմել էի նրանց։ Չեմ կարծում, որ սահմանադրության պարագայում կարելի էր գրանտային ֆինանսավորում ներգրավել։



- Իտալական սահմանադրության տարրեր կան, գերմանական սահմանադրության, նույնիսկ Իսրայելի անվտանգության համակարգն է հիմք վերցված։ Ի վերջո, ո՞րն է հիմքն այս սահմանադրության։



- Սա նման է մի մեքենայի, որի դիմացը Toyota է, աջ ու ձախից Nissan է, հետեւից՝ Mercedes, իսկ շարժիչը՝ «Ժիգուլի»։