Եվ մականունավորները հասան նախագահական

Եվ մականունավորները հասան նախագահական

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շրջանակում հանդիպել է մի շարք պատգամավորների հետ: Առաջին հայացքից՝ նորմալ հաղորդագրություն էր տարածել նախագահականի մամուլի ծառայությունը: Սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ պատգամավորներ Բելաջիոյի Գրիշի, Յուվեցի Կարոյի, Կարամելի Հարութի ու եւս 7 պատգամավորի հետ:
Նախագահն այս գործընթացի շրջանակներում ում ասես չհանդիպեց եւ, ուրեմն, ինչո՞ւ չհանդիպի նաեւ այս պատգամավորներին: Ինչ է, նրա հանդիպած մյուսների մեջ մականունավորներ չկա՞ն: Լիքը: Ուրեմն ո՞րն է խնդիրը:



Պարզաբանենք. Սահմանադրության թե հին, թե նոր տեքստերում գրված է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Գործող սահմանադրության մեջ 65 գլուխն է, առաջարկվողում՝ 95: Գրված է նաեւ, որ պատգամավորը պետք է զբաղվի օրենսդրական գործունեությամբ:
Նախագահը, փաստորեն, հանդիպել է երկրի մայր օրենքը բազմիցս խախտած պատգամավորների հետ՝ քննարկելու երկրի մայր օրենքը, որը ենթակա չէ խախտման:
Նույն պատգամավորները, օրինակ՝ Կարո Կարապետյանը, բազմիցս ընկել է մութ պատմությունների, կրիմինալի ու ծեծ ու ջարդի մեջ, հիմա ի՞նչ, եկել է շտկելու սահմանադրության արդարադատության վերաբերյալ գլո՞ւխը:
Հիշենք այս պատգամավորների օրինաստեղծ գործունեությունը՝ ԱԺ կայքի եւ մոնիտորինգային կայքերի օգնությամբ:



Գրիգորի Մարգարյան - Պատգամավոր է 2003, 2007, 2012 թվականների խորհրդարանում: Երեք անգամն էլ մեծամասնականով է ընտրվել, չնայած ընտրատարածքում քչերն են ճանաչում: Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ է: Խորհրդարանից շատ չի բացակայում, սակայն երբեք ոչ հարց է տվել, ոչ ելույթ ունեցել: Թե օրակարգում ընդգրկված 289, թե չընդգրկված 201, թե ամբողջությամբ ընդունված 858 նախագծերի մեջ նրա անունը չկա:



Կարո Կարապետյան - Պատգամավոր է 2007 թվականից: Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ է: Այս անձի արտախորհրդարանական գործունեությունը բեղուն է՝ ուղեկցված կրակոցներով, կռիվներով, պարտք ու պահանջով, իսկ խորհրդարանում 8 տարվա մեջ որեւէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել, որեւէ օրինագիծ չի հեղինակել կամ համահեղինակել:
Հարություն Ղարագյոզյան - 1990 թվականից խորհրդարանում է, եղել է Գերագույն խորհրդի, ապա բոլոր գումարումների ԱԺ պատգամավոր: Որեւէ օրինագիծ չի հեղինակել 25 տարում: Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Ամբիոնը եւս խորթ է նրան:



Մարտուն Գրիգորյան - Պատգամավոր է վերջին երկու գումարումների խորհրդարանում, Գյումրու 34-րդ ընտրատարածքից է ընտրվել, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Գյուղացու ունեցած բազում պրոբլեմներն այդպես էլ չկարողացան դառնալ այս պատգամավորի համար ելույթի թեմա: Մեր հերոսը որեւէ անգամ որեւէ հարց չի բարձրացրել խորհրդարանում:
Հեղինակ է 4 օրենսդրական նախաձեռնությունների, երեքը՝ բազում պատգամավորների հետ միասին: Դրանցից մեկով, օրինակ, Մաքսային օրենսգրքում լրացում է, որով 15 պատգամավոր առաջարկում են 102-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ավելացնել «Բանկաներ` պահածոյացման համար» տողը:



Բազմասեր Առաքելյան - Խորհրդարանում է 2012 թվականից, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Եթե 25 տարի խորհրդարանում եղած պատգամավորը ոչինչ չի արել, այս ըմբշամարտիկ պատգամավորից ի՞նչ սպասես: Համահեղինակ է «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումների՝ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահան Կարապետյանի հետ: Բայց համահեղինակների ցանկը նայելով՝ կարելի է հստակ ասել, թե կոնկրետ ովքեր են գրել նախագիծը: Խորհրդարանի ամբիոնին երբեւէ չի մոտեցել:



Ռուստամ Գասպարյան - Խորհրդարանում է 2007 թվականից, նախ՝ մեծամասնական ընտրակարգով, Արմավիրից, ապա՝ համամասնական, ԲՀԿ ցուցակով: Պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Մշակած օրինագծերն ընդամենը 2-ն են, երկուսն էլ՝ բազում պատգամավորների հետ միասին, երկուսն էլ օրակարգ չեն մտել: Ոչ հարց է ունեցել, ոչ ելույթ: Իսկ ԱԺ ղեկավարությունը արժանի օրինաստեղծ, հասարակական-քաղաքական եւ մեր երկրում ժողովրդավարության կայացմանը նպաստ բերած աշխատանքի համար պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:



Արայիկ Գրիգորյան - Խորհրդարանում է 2003 թվականից: Ընտրվել է Արարատի մարզից: Բացարձակապես աչքի չի ընկել՝ ոչ օրինագծերով, ոչ հարց ու ելույթներով:
Արագած Ախոյան - Խորհրդարանում է 2010 թվականից, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Համահեղինակ է 1 օրինագծի՝ 16 պատգամավորի հետ միասին՝ «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին»: Ամենապասիվ պատգամավորներից է՝ խորհրդարանական գործունեության իմաստով:



Մուշեղ Պետոյան - Թեեւ խորհրդարանում է 2011 թվականից, սակայն այս պատգամավորի մասին առաջին անգամ լսեցի նախագահականի սեպտեմբերի 3-ի մամուլի հաղորդագրությունից: Հավանաբար, թիվ 36 ընտրատարածքում լավ են ճանաչում, ուստիեւ ընտրել են: Տեսնես սոցիալական ամենածանր պայմաններում ապրող շիրակցիները գիտեի՞ն, որ ոչ օրենք է գրելու, ոչ էլ մոտենալու է ամբիոնին:



Դավիթ Քոչարյան - Խորհրդարանում է 2012 թվականից, ընտրվել է Կոտայքի մարզից, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, առհասարակ տեղյակ չէ խորհրդարանական գործունեությունից:
Այս մարդիկ խորհրդարանի աշխատանքներից բազմիցս բացակայել են, ներկա եղած ժամանակ չեն մասնակցել ԱԺ աշխատանքներին, ծանոթ չեն իրենց ընտրողներին, խորհրդարանում հիմնական անելիքը «կողմ» կոճակը սեղմելն է, այլ առաքելություն չունեն: Անգամ չեն հիմնավորել «կողմ» լինելը:



Ստացվում է, որ նախագահը հանդիպել է ամենապասիվ, որոշ դեպքերում էլ՝ սահմանադրությունը խախտող պատգամավորներին, որպեսզի քննարկի ամենակարեւոր հարցերից մեկը՝ սահմանադրական փոփոխությունները:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ