Հասնել և անցնել Տիգրան Սարգսյանին

Հասնել և անցնել Տիգրան Սարգսյանին

Գազի դիմաց ռուբլիով վճարելը կօգնի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Մինսկում արած իր առաջարկին, որ Հայաստանը գազի դիմաց ՌԴ-ին վճարի ռուբլիով:



«Գործընթացն արագ չի լուծվելու, սակայն մենք հարց ենք դրել օրակարգում: Ռուբլի-դոլար-դրամ տատանումները ազդում են մեր տնտեսության վրա, այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ գազի դիմաց վճարենք ռուբլիով: Մենք շատ լավ առաջարկ ենք արել: Ռազմավարական եւ ԵՏՄ անդամ գործընկերներ ենք: Թող մի բան էլ իրանց ձեռ չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»,- ասաց վարչապետը:



Կարդում եմ Հովիկ Աբրահամյանի այս հրճվալից հայտարարություններն ու մտածում՝ ինչքան քիչ բան է նրան հարկավոր՝ ամբողջ կյանքում երջանիկ լինելու համար:



Այսուհանդերձ անհասկանալի է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը կարծում, որ Ռուսաստանին ձեռնտու չի լինելու գազի դիմաց ռուբլով վճարումը: Կարելի է մտածել՝ որ դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգընթաց Հայաստանը շարունակելու է գազի դիմաց վճարել հին կուրսով: Հովիկ Աբրահամյանը, արդյոք, Ռուսաստանի կառավարությանը չի՞ շփոթում իր կառավարության հետ, որ շարունակում է մարդկանց աշխատավարձ և կենսաթոշակ տալ՝ թքած ունենալով դոլար-դրամ կուրսի վրա:



Հովիկ Աբրահամյանը, իհարկե այլ հարց է լուծում իր այդ առաջարկով: Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում ԵՏՄ անդամ երկրների արժույթով առևտուր անելու առաջարկը ոչ թե անձամբ իրեն է պատկանում, այլ, ոչ ավել ոչ պակաս, Վլադիմիր Պուտինին: Իսկ Վլադիմիր Պուտինը պատահաբար չի արել այդ առաջարկը: Վստահաբար, Ռուսաստանում հաշվարկել են դրանից սպասվող օգուտները, այլապես Հովիկ Աբրահամյանին իր առաջարկով կուղարկեին Մինսկից շատ ու շատ հեռու:



Հստակ է, որ Ռուսաստանը ձգտում է իր արժույթը դարձնել ԵՏՄ երկրների միջև առևտրաֆինանսական գործարքների վճարման միջոց, իսկ Հովիկ Աբրահամյանի առաջարկն էլ Մեդվեդևն անմիջապես ընդունում է, որովհետև այն հենց Մոսկվայի առաջարկն է, և ոչ՝ Հայաստանի:



Այ, եթե Հովիկ Աբրահամյանը հասներ այն բանին, որ Հայաստանը գազի դիմաց վճարեր դրամով, դա իսկական հաղթանակ կլիներ: Այլապես կրկնել է Մոսկվայի առաջարկը և մի բան էլ գլուխ է գովում՝ հեսա տեսեք ինչ ենք անելու:



Գլխիս երկրորդ Տիգրան Սարգսյանն է դարձել՝ լոպազ: