Ռուբիկ Հակոբյանի հեռանալը կազդի ոչ միայն «Ժառանգության», այլև՝ հասարակության վրա

Ռուբիկ Հակոբյանի հեռանալը կազդի ոչ միայն «Ժառանգության», այլև՝ հասարակության վրա

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի  մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով չորրորդ գումարման պատգամավոր էր ընտրվել հենց «Ժառանգություն» կուսակցության հովանու ներքո, հետաքրքրվեցինք կուսակցությունում տեղի ունեցող վայրիվերումների մասին։ Hraparak.am-ի հարցին, թե ինչքանով Ռուբիկ Հակոբյանի կուսակցությունից դուրս գալը կազդի կուսակցության վրա, նա այսպես խառը պարզաբանում տվեց.



«Նախևառաջ ես չեմ մեկնաբանելու որևէ կուսակցության ներսում տեղի ունեցածը, ես ինձ իրապես համարում եմ հասարակական հողի վրա կայացած մարդ: Բոլորովին այլ է, որ լինելով դեռ այդ խմբակցության անդամ՝ ես լրիվ իմ գնահատականները, շեշտադրումները դրել եմ։ Ես գտնում էի, որ դա ճշմարիտ ճանապարհ չէ, եթե դու քաղաքական համաձայնության գալիս ես մի ուժի հետ, որի հետ փորձ չունես քաղաքական պայքարի, ես դա ասում եմ բոլորին։ Ճիշտ չէ, երբ քանի ամիս հետո քաղաքական պայքարում կազմում ես դաշինք մի ուժի հետ, որ չի անցել քեզ հետ ամենօրյա ինչ-որ մի քանի տարվա ճանապարհ»:



Մեր այն ճշտող հարցին, թե դաշինք ասելով «Ժառանգության» պատմագրության ո՞ր մասը նկատի ունի, եռյակ դաշինքի միավորումը՞, ստացանք հետևյալ պատասխանը․ «Ես դեռ այդ ժամանակ եմ ասել, որ դա չի կարող լինել կայուն միություն քաղաքական: Ահա սա՝ ինչ-որ մենք տեսնում ենք, դրա ապացույցն է, ոչ թե որ ես պայծառատես եմ , դա քաղաքագիտական այբուբեն է, ես դա չեմ հնարել»։



Եվ չնայած Լարիսա Ալավերդյանը չէր ցանկանում որևէ կերպ անդրադառնալ Ռուբիկ Հակոբյանի հեռացման փաստին, այնուամենայնիվ նշեց․ «Ես ցավում եմ դրա համար, ասեմ ինչու, որովհետև իմ փորձը 5 տարվա, ապացուցել է ինձ և ես այսօր էլ եմ պնդում, որ «Ժառանգության» կուսակցության անդամների մեջ, մանավանդ շրջաններում ընդգրկված են լավագույն նվիրյալները։ Ես ցավով եմ նշել, այն ժամանակ էլ, իմ կարծիքով պետք է հարված լիներ կուսակցության համար, բայց ոչ միայն կուսակցության, համոզված եմ, որ այդպիսի զարգացումները վնաս են հասցրել և հասարակությանը։ Ի վերջո 5 տարվա մեջ շատ փոքր, բայց թիմ դարձած խումբը, կարողացել է  նոր քաղաքական մշակույթ ցույց տալ»։



Դուք է՞լ եք համարում՝ սա հետքայլ է «Ժառանգության» համար․ «Սա այն զիգզագն է, որի մեջ ընկնում են շատ քաղաքական ուժեր, ես համոզված եմ, որ այսօր էլ այդ անդամները մարզերում ամենանվիրյալներն են մեր երկրի ապագայի։ Ես կողմնակից եմ լինելու, որ «Ժառանգությունն» իրենց հետ գտնի, կարողանա իր կադրերը, որ կան, օգտագործել ըստ հասարակական պահանջի, այլ ոչ թե , փոքր ինչ արհեստական տրամաբանությամբ, խիստ տեսական՝ ես կասեի»։



Թե «Ժառանգություն» կուսակցությունն  իրենց երբ «հետ կգտնի» հարց է, բայց արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուբիկ Հակոբյանի հեռանալուց հետո նույն ճակատագիրը կունենա նաև Արմեն Մարտիրոսյանը, ով վերջին շրջանում բավականին մտերմիկ հարաբերություններ ուներ Ռուբիկ Հակոբյանի հետ։