Բժշկական սխալը հանցագործություն չէ․ Արմեն Մուրադյան

Բժշկական սխալը հանցագործություն չէ․ Արմեն Մուրադյան

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իրավաբաններին հատուկ ոճով լղոզեց մեր հարցի բուն պատասխանը՝ կապված բժշկական սխալի և դրա հետևանքով մահացության դեպքերի հետ։ Նրա հետ հանդիպման առիթը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային կլինիկայում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացումն էր։



Նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նախ ներկայացրեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազար Նազարեանի և նրա ընտանիքի կողմից ռադիոլոգիայի կենտրոնին նվիրաբերված 1.400.000 դոլար արժողությամբ Brivo MR355 գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի առավելությունները․ «Այսպիսի սարք արդեն երրորդն է Հայաստանում, մոտակա երկու ամսվա ընթացքում, մեր տեղեկություններով, ևս երկու այսպիսի սարք կտեղադրվի, և ոչ միայն բուժական աշխատանքներն այստեղ կբարելավեն, այլ նաև պրեվենցիոն բժշկությունը։ Խոսքը այն ախտորոշիչ գործողությունների մասին է, որոնք թույլ են տալիս առանց ներխուժման, ինվազիվ գործողությունների, պատկերացում ունենալ հիվանդի ներքին օրգանների ախտահարման մասին, հիվանդության փուլի մասին, և, իհարկե, ավելի կպարզեցնեն վիրահատության ընթացքը, բուժման ընթացքը, և կապահովեն էլ ավելի լավ բուժական արդյունքներ»։



PR մասն ավարտվելուց հետո որոշեցինք ավելի առարկայական, ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր ուղղել նախարարին։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նախարարից՝ այսօրինակ հզոր սարքերը կնվազեցնե՞ն, արդյոք, բժշկական սխալի հավանականությունը։



«Բժշկական սխալի մասին երբ որ խոսում ենք, պետք է մեկ անգամ ևս փաստեմ, որ սա իրավաբանական տերմին չէ, բժշկական սխալները հիմնականում բարեխիղճ մոլորության կամ հիվանդության սրընթաց ընթացքի կամ սարքերի նվազ տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներ են, որոնք ամբողջ աշխարհում հանդիպում են։ Եթե կուզեք վիճակագրական թվեր ասեմ, ապա ամենազարգացած առողջապահական համակարգերից մեկում՝ Միացյալ Նահանագներում, տարեկան 40-90 հազար մահ է գրանցվում միայն բժշկական սխալ ասածի հետևանքով, բայց սա բնավ չի նշանակում, թե բժշկական սխալը բժշկական հանցագործություն է։ Ես կուզեմ, որ սա առանձնահատուկ մենք փաստենք»-բժշկական սխալ հասկացության էությունը փորձեց իրավաբանորեն բացատրել մասնագիտությամբ բժիշկ-նախարարը։



Նա նաև նշեց. «Սա առաջին հերթին թույլ կտա այդ բժշկական սխալները ճանաչել և չխուսափել նրանց մասին բարձրաձայնելուց, և նկատեց, որ սխալ խոսքին այստեղ նեգատիվ բնույթ տալով՝ փաստացի երկար տարիներ թույլ չի տվել այս հարցը բարձրաձայն քննարկել: Իսկ քննարկումները, ըստ նրա, բերում են այդ սխալների կանխարգելմանը, այդ սխալների հնարավոր շտկմանը․ «Եվ համոզված եմ, որ պետք է այդ երևույթի մասին բարձրաձայն խոսել, չքողարկել, չփորձել դա կոծկել և բարձրաձայն քննարկելով միայն ու միայն մենք կկարողանանք խուսափել նման երևույթներից»։



Իսկ պատասխանատվություն ենթադրու՞մ է այդ բժշկական սխալը, պարզվեց՝ ոչ․ «Ես ասացի՝ ոչ, սա իրավաբանական տերմին չէ, իսկ պատասխանատվություն՝ վարչական և քրեական, միայն ու միայն իրավաբանական քննարկումներ են ենթադրում»։
Իսկ մեր այն դիտարկմանը, որ այդ բժշկական սխալի հետևանքով հաճախ մարդիկ են մահանում, ինչպե՞ս է ինքը վերաբերվում դրան, առողջապահության նախարարը այլևս չպատասխանեց․ «Ես բացատրություն տվեցի արդեն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ