Մենք հաջողությամբ ավարտին կհասցնենք հանրաքվեն

Մենք հաջողությամբ ավարտին կհասցնենք հանրաքվեն

Սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի շարժում սկսած «Չեք անցկացնի» նախաձեռնությունն առաջիկա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, Գյումրիում առաջին հանրահավաքն է անցկացնելու: Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ Գյումրին հատուկ է ընտրվել առաջին հանրահավաքի համար՝ որպես ամենաընդդիմադիր քաղաք, որտեղ նույնիսկ 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չկարողացավ իր ուզածի չափով «խփել»: Մինչդեռ Գյումրին հայտնի է նաեւ ընդդիմության բողոքի ակցիաները խափանելու, ընդդիմադիրներին բռնության ենթարկելու եւ նրանց հարցերն անգամ «գողականով» լուծելու «շնորհքով»: Ի՞նչ կարգադրություններ է տվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր ենթականերին, փորձեցինք պարզել իրենից:



- Պարոն Ցոլակյան, ինչպե՞ս եք պատրաստվում Գյումրիում ընդունել «ոչ»-ի ճակատին, կրկին ճնշումներով քաղաքային ոստիկաններն ու թաղայինները բռնությո՞ւն են փորձելու գործադրել:



- Ինչպե՞ս պետք է պատրաստվենք, քաղաքապետարանից իրենք թույլտվություն կվերցնեն, եթե տան, թող անցկացնեն:



- Իսկ Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ բռնություն չի գործադրվելու, եւ մարդիկ կարողանալու են իրենց ազատ կամքն արտահայտել եւ քարոզել սահմանադրական բարեփոխումների դեմ:



- Ես միտինգին չեմ մասնակցելու, դիմեք ոստիկանություն:



- Բայց Դուք իրականացնում եք մարզի ղեկավարումը:



- Ես արդեն պատասխանեցի, որ որեւէ արգելք չկա, իշխանությունը չի տեսնում որեւէ արգելք, որպեսզի չթույլատրի հանրահավաքներ:



- Ամիսներ առաջ Հիմնադիր խորհրդարանի երթերը Գյումրիում եզրափակվում էին ծեծուջարդով, այն ժամանակ արգելք կար, հիմա չկա՞:



- Այդ դեպքերի համար ոստիկանությունն ինչ պետք է, արել է:



- Հիմա Դուք չե՞ք կարող երաշխավորել, որ սեպտեմբերի 25-ի հանրահավաքը կանցնի առանց միջադեպերի:



- Հարցերը գրավոր ձեւակերպեք՝ կպատասխանեմ:



- Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե ինչով է պայմանավորված, որ ոչ իշխանականներն իրենց պայքարը մեկնարկում են Գյումրիից:



- Ոչ:



- Իրենք փաստարկում են գյումրեցիների հակաիշխանական վերաբերմունքով։ Դուք Ձեր «բացթողումը» չե՞ք տեսնում, գուցե բացը «լրացվում» է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով:



- Ես բացատրություն չունեմ, իրենք թող բացատրեն՝ ինչու: Իսկ մենք բացթողում հաստատ չունենք:



- Իսկ ի՞նչ քայլեր եք անում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ավարտին հասցնելու ուղղությամբ, հանրաքվեին պատրաստվո՞ւմ եք:



- Գրավոր գրեք՝ կպատասխանեմ:



- Պարոն Ցոլակյան, Ձեր անվստահությունը գուցե պայմանավորված է նախագահական ընտրություններում Ձեր ձախողմա՞մբ, երբ մարզում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց:



- Մենք հաջողությամբ ավարտին կհասցնենք հանրաքվեն: Ժողովուրդը կմասնակցի, եւ շատ նորմալ կանցնի հանրաքվեն: Դեռ ոչինչ չենք արել, քարոզչություն չի եղել, բայց վստահ եմ, որ կհասցնենք:



- Ինչպե՞ս, ընտրակեղծիքներո՞վ:



- Ես էլ ասելիք չունեմ:



- Իսկ Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք քարոզչությանը եւ ինչպե՞ս եք պատրաստվում ընդդիմադիր շիրակցիներին համոզել իշխանության նախաձեռնության հարցում:



- Կգա ժամանակը՝ կիմանաք: