Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է  Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:



Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:



Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:



ՀՀ Նախագահը և ԻԻՀ դեսպանը երկուստեք կարևորել ու արժևորել են Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակներում շարունակաբար խորացող և ամենատարբեր ոլորտներ ներառող համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:



Դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության իրականացման ամբողջ ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերած աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ որտեղ էլ հետագայում շարունակի դիվանագիտական աշխատանքը, որքան հնարավոր է օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի: