Փայտագողերը ծեծի են ենթարկել անտառապահին

Փայտագողերը ծեծի են ենթարկել անտառապահին

Լոռու մարզում մոտ մեկ շաբաթ առաջ փայտագողերը ծեծի են ենթարկել անտառապահին: Իսկ վերջինս գաղտնի է պահել իրեն ծեծելու փաստը: Դեպքը եղել է Ստեփանավանում, ծեծի ենթարկված անտառապահն էլ Կարեն Դոխոլյանն է:



«Մարմնական վնասվածքն արձանագրվել է, տուժողը հայտարարել է, որ վայր է ընկել, հետո բաժնի աշխատողների ուժերով պարզվել է, որ իրականում ոչ թե վայր է ընկել, այլ ծեծել են: Ոստիկանությունում համապատասխան հաղորդում են ընդունել, սպասում են դատաբժշկի եզրակացությանը: Պարզում են մարմնական վնասվածքի աստիճանը: Եթե չեմ սխալվում մոտ 30-40 տարեկան տղամարդ է».- Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզի ոստիկանության վարչության պետ Արտակ Կարապետյանը: 



Ստեփանավանի անտառային տնտեսության տնօրեն Արսեն Միկոյանն էլ Hraparak.am-ին տեղեկացրեց, որ իր աշխատակցին ծեծի են ենթարկել երկու տղամարդ, որոնք այս պահին փախուստի մեջ են գտնվում. «Ապօրինի ծառահատում են իրականացրել, պահակը տեսել է, որի հետևանքով էլ տեղի է ունեցել դեպքը».-ասաց Արսեն Միկոյանը՝ չցանկանալով ավելի մանրամասնել դեպքը:



ՀԳ Մենք տեղեկացանք, որ ծեծված անտառապահի առողջական վիճակը ծանր է՝ վնասվել են նրա ողնաշարի գործունեությունն ապահովող ողերը եւ չի բացառվում, որ տուժողը հաշմանդամ դառնա։ Նա այժմ գտնվում է Էրեբունի հիվանդանոցում, նրան ծանր վիրահատություն է սպասվում։ Տեղեկացանք նաեւ, որ լոռեցիներին հայտնի է, թե ովքեր են  ծեծողները։ Նրանք գյուլագարկցի երկու եղբայրներ են, որոնց գողությունը փորձել է կանխել անտառապահը։