Կիևը հրապարակել է Դոնբասում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու իր նախապայմանները

Կիևը հրապարակել է Դոնբասում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու իր նախապայմանները

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը 4 պայման է առաջ քաշել Դոնբասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու համար, տեղեկացնում է ТАСС-ը:



«Իհարկե այնտեղ պետք է ընտրություններ անցկացվեն: Եվ դրա համար մենք պետք է առանձին օրենք ընդունենք: Բայց կան հստակ պայմաններ՝ Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է Յացենյուկը ուկրաինական հեռուստաալիքների «10 րոպե վարչապետի հետ» ամենշաբաթյան հաղորդաշարի եթերում:



Որպես առաջին նախապայման վարչապետը նշել է Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Նա շել է նաև, որ Դոնբասից հեռացած 1,5 միլիոն ուկրաինացիներ, ովքեր հաշվառված են երկրում, պետք է իրավունք ունենան մասնակցելու այդ ընտրություններին և ընտրելու նրանց, ովքեր կներկայացնեն տեղական իշխանությունը Դոնեցկում և Լուգանսկում: Երրորդ պայմանն ըստ Յացենյուկի, ընտրությունների համապատասխանությունն է ուկրաինական օրենսդրությանը:



«Չորրորդ՝ մենք պետք է կարողանանք Դոնեցկում և Լուգանսկում ապահովել քաղաքական մրցակցություն ինչպես տեղի ԶԼՄ-ներով, այնպես էլ Ուկրաինայի բոլոր քաղաքական կուսակցությունների՝ այդ ընտրություններին մասնակցելու ճանապարհով: Նրանք պետք է իրավունք ունենան իրենց թեկնածուներին ուղարկել Դոնբաս»,- ընդգծել է Յացենյուկը:



Կոնտակտային խմբի՝ Մինսկի բանակցություններում Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դայնեգոն Ուկրաինայի վարչապետի հռչակած պայմանները որակել է երեխայություն:



«Նա չի հասկանում ՝ ինչ է խոսում: Դա երեխայի խոսք է, որ չի համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել են «նորմանդական քառյակի» առաջնորդները Փարիզում»,- հայտարարել է Դայնեգոն:



Հիշեցնենք, որ այդ համաձայնության արդյունքում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել էին հոկտեմբերի 6-ին նշանակված ընտրությունները հետաձգել 2016 թվական այն պայմանով, որ Կիևը հստակ կատարի «Մինսկ-2»-ով թելադրված քաղաքական քայլերը: Մասնավորապես՝ Ուկրաինան պարտավոր է Դոնբասին տալ հատուկ կարգավիճակ, չհետապնդել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ծավալված իրադարձությունների մասնակիցներին, ինչպես նաև կրկնակի քվեարկություն կազմակերպել սահմանադրոթյան մեջ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի առաջարկություններով փոփոխություններ մտցնելու հարցով:



Նշենք նաև, որ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հրամանով, ընտրությունները նշանակվել են 2016 թվականի փետրվարի 21-ին:



Էդ.Ա.