Չի բացառվում, որ «այո»-ի միասնական շտաբ ձեւավորենք

Չի բացառվում, որ «այո»-ի միասնական շտաբ ձեւավորենք

«Այո»-ի կողմնակից ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, առաջիկա օրերին կքննարկեն՝ միասնական շտաբ ձեւավորել համատե՞ղ, թե՞ առանձին-առանձին իրականացնել «այո»-ի քարոզարշավը։ Այս մասին մեզ հետ զրույցում երեկ հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանը: Թեպետ ԲՀԿ-ում պարապ նստած չեն. երեկ ակտիվն այցելել էր Արտաշատ։ Տարածքային գրասենյակներ այցելելու անվան տակ ԲՀԿ-ում նաեւ քարոզչություն են իրականացնում, բայց փոքր-ինչ զուսպ, քանի որ անգամ ՀՀԿ-ն դեռ ակտիվ հունի մեջ չի մտել:



- Պարոն Մանուկյան, ԲՀԿ-ն հայտարարել է, որ պասիվ «այո»-ի կողմնակից չէ, կարելի՞ է իմանալ, թե ինչ եք անում հիմա, հանրաքվեի կենտրոնական շտաբն արդեն ձեւավորվե՞լ է, ԲՀԿ-ն միանո՞ւմ է, թե՞ առանձին շտաբ է հիմնելու՝ իր քարոզչությունն իրականացնելու:



- Առաջիկա օրերին շտաբը կձեւավորվի, կհամակարգենք, կկոորդինացնենք, կընտրենք ակտիվ մարդկանց, նրանց, որոնք նաեւ հանրության համար նշանակություն ունեն, որպեսզի քարոզեն, եւ մենք նորմալ կգնանք ու ամենուր քարոզարշավ կիրականացնենք: Այս պահին այդ ամենը դեռ ընթացքի մեջ է:



- ԲՀԿ-ն առանձի՞ն շտաբ է ձեւավորում, իսկ ղեկավար լինելո՞ւ է, ո՞վ է լինելու:



- Այս երկու օրը վերջնական ձեւավորում կլինի, բայց մնացած հարցերը երկու օրից պարզ կլինեն: Դա միանձնյա որոշման հարց չէ: Ամեն դեպքում, կազմակերպչական խումբ պետք է լինի:



- Տեղեկություններ կան, որ առհասարակ ԲՀԿ-ի կուրացիան որոշել են Ձեզ վստահել, գուցե Դուք էլ դառնաք շտաբի պետ:



-Ընդհանրապես քաղխորհրդի աշխատանքները ես եմ կոորդինացնում:



- Իսկ ի՞նչն է խանգարում միասնական շտաբ ձեւավորել, բոլորը «ոչ»-ի կողմնակիցներին են մեղադրում, բայց չէ՞ որ «այո»-ում էլ միասնականություն չկա, ինչո՞ւ, զարմանալի է:



- Քննարկման խնդիր է: Չի բացառվում, որ «այո»-ի կողմնակիցները նստենք, կարող է միասնական տանենք. քննարկման խնդիր է:



- Իսկ ի՞նչը կարող է խոչընդոտել, որ միասնաբար հանդես չգաք, չէ՞ որ այդպես ավելի հուժկու կլինի քարոզչությունը:



- Դա, էլի եմ ասում, քննարկման հարց է, մենք կուսակցության քաղխորհրդում էլ այս երկու օրը կքննարկենք եւ բոլոր հարցերին վերջնական պատասխան կտանք: Ի վերջո, մեր քաղխորհուրդը նախեւառաջ պիտի որոշի՝ միայնա՞կ ենք գնում, թե՞ առանձին:



- Իսկ հնարավո՞ր է, որ ձեր գինն եք բարձրացնում, սակարկում եք, որ միայն ձեզ համար «ընդունելի» փոխհատուցման դեպքում միանաք Հանրապետականին:



- Չկա, չկա նման բան, ես պիտի կրկնեմ, որ ամեն ինչ դեռ պետք է քննարկվի, ես ձեզ իրականությունն եմ ասում: Քաղաքական քննարկում պետք է լինի:



- Բոլոր դեպքերում՝ ԲՀԿ-ն ակտի՞վ է լինելու քարոզչության մեջ, մարդկանց համոզելու հարցում:



- Եթե մենք պարզ ձեւով ասել ենք «այո», ուրեմն, միանշանակ, ակտիվ էլ լինելու ենք: Մենք մեր համակիրներին համոզելու ենք եւ այդքան համոզելու խնդիր էլ չունենք, եթե մենք համակիրներ ունենք, համակիրները մերն են, եւ մենք իրանցն ենք, իրար հետ ենք աշխատում, միանշանակ... ուղղակի բացատրական աշխատանք ենք տանելու, ներկայացնելու ենք սահմանադրության այն կետերը, որոնք փոխվել են նաեւ մեր առաջարկների հիման վրա: