Սամվել Ալեքսանյանի փողերից սաղ էլ օգտվում են. Գեներալ Մանվել

Սամվել Ալեքսանյանի փողերից սաղ էլ օգտվում են. Գեներալ Մանվել

Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեկնաբանել է իր եւ գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «լարված» հարաբերությունների մասին լուրերը: «Ինչի՞ պիտի ես վատ լինեմ, ինքը վարչության անդամ է, ես քո հետ վա՞տ եմ»,-հակադարձել է Մանվել Գրիգորյանը:



Մեր հարցին, թե որքանով է Սամվել Ալեքսանյանը օգնում ԵԿՄ-ին, գեներալը պարզաբանել է. «Օգնել է ԵԿՄ-ին, ինչի՞ չի օգնել, դիմել ենք, օգնել է, միշտ էլ օգնել է, եթե դիմում ենք, օգնում է: Էդ մարդը ազատամարտիկներին, երկրապահներին միշտ օգնում է, պետությանն է օգնում, գնացեք, տեսեք բյուջեին ինչքան փող է տալիս, իսկ բյուջեի փողերն էլ գնում է հայ ժողովրդին, սաղին էլ օգնում է, ովքեր երեխաներ են բերում, երկիր են պահում: Սամվել Ալեքսանյանի փողերից սաղ էլ օգտվում են»:



Նշենք, որ այսօր «Հրապարակը» գրել էր, թե տեւական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար «աստղ» ստացած Սամվել Ալեքսանյանի միջեւ. վերջինս այլեւս չի երեւում «այդ կողմերում»: «Երկրապահի» «Բանգլադեշի» կառույցում դա բացատրում են ոչ միայն Լիմինդրովիչի «աստղ» դառնալու հանգամանքով. «Քաղաքական դաշտից Գագիկ Ծառուկյանը եւ Ռուբեն Հայրապետյանը լքել են, դաժե էդ դաշտն է մոնոպոլացրել Լֆոն, որը համ էլ հիմա շատ մոտիկ է Վաչոյի հետ, չնայած ոնց որ ուրիշ կատու էլ էր անցել գեներալ Մանվելի ու իր միջով»: Ըստ մեր զրուցակցի, Սամվել Ալեքսանյանն առաջներում բավականին լուրջ օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին` «10-15 միլիոնի կարգի, պատանի երկրապահների ամառային հանգիստն էր հոգում, հիմա ձեռները լվացել է, համարյա էլ չի օգնում: Համ էլ ոնց որ նեղացած է գեներալից` մի թեմայով»: