Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

95-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում կազմակերպվեց առաջին զորահանդեսը: Լրանում էր հրադադարի առաջին տարին: Նախկին կուսմարզկոմի շենքն արդեն նախագահական նստավայր էր: Հարեւանությամբ ծվարած էր հանրապետական թերթի խմբագրատունը՝ երկհարկանի մի անշուք շինվածք, որը, սակայն, տասնամյակներ ի վեր եղել էր Ղարաբաղի հայախոս մտավորականության ուխտատեղին:



Մի գիշերում խմբագրատունը քանդվեց, նախագահականի տեսարանը բացվեց: Հրապարակի տեսքն ամբողջացավ: Զորահանդեսն անցավ բարձր մակարդակով:



Աննախադեպ էր հատկապես քաղաքացիների խանդավառությունը: Հաղթած երկրի հերոսական ժողովուրդն իրոք՝ սրտանց հարգանքի եւ մեծարման ցույցեր էր անում իր փառապանծ բանակին:



Մի քանի ամիս էր՝ նշանակվել էի բանակային թերթի խմբագիր: Զորահանդեսի նախօրյակին հանրապետական թերթի խմբագիր էր նշանակվել Մաքսիմ Հովհաննիսյանը:



Զանգեց, ավագի իրավունքով իր մոտ հրավիրեց: Բացատրեց, որ հանձնարարված է պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի մասին հոդված գրել, հարմար է, որ ես անեմ: Գրեցի՝ չհավանեց: Երկրորդ տարբերակը կարծես սրտովն էր: Վերնագրել էի՝ «Սահման քաջաց՝ զենն յուրյանց»:



Մի քանի օրից զանգեց, տեղեկացրեց, որ անցնեմ՝ վերեւներում համաձայնեցված տարբերակը վերցնեմ: Մի երկու բառ էին փոխել: Տպագրվեց եւ հանրապետական թերթում, եւ բանակային «Մարտիկում»: Բայց զորահանդեսի լուսաբանման հարցում բախտներս չբերեց: Ռեպորտաժ էինք տպագրել՝ լուսանկարներով: Սամվել Բաբայանը վիրավորվել էր, թե ինչու ինքը «տրիբունայում չկա»:



Ամենավերեւներում խիստ զայրացել էին: Դժվար էր բացատրել, որ եթե Բաբայանն ընդունում է զորահանդեսը, ապա միաժամանակ տրիբունայում չի կարող գտնվել: Մեր լուսանկարիչը հենց այդ պահն էր ֆիքսել: Ի վերջո, ինձ նկատողություն հայտարարեցին, թե Մաքսիմ Հովհաննիսյանն ինչպես գործը հարթեց՝ չգիտեմ:



…Ժամանակը փոխվել է: Հանրապետական թերթը լույս է տեսնում, կարծեմ, երեք հարյուր հիսուն օրինակ տպաքանակով, այն էլ՝ օրումեջ: Բանակային շաբաթաթերթը դարձել է կիսամյա: Բոլորի ուշադրությունը սեւեռված է հեռուստատեսությանը՝ ով, երբ, քանի րոպե երեւաց էկրանին, ով՝ ոչ: Հանդիպում են մարդիկ, բարեւում, ավանդական «ինչ կա-չկա»-ից հետո զարմացած հարցնում են.



- Էդ ինչի՞ տելեվիզրով էլ չես խոսում:



Ի՞նչ են ակնարկում՝ հասկանալի է: Իսկ ես կարոտում եմ այն ժամանակները, երբ թերթի մի ոչ օրդինար հրապարակման համար վերեւներից կանչում՝ յոթը քրտինք էին քամում մեզնից: Խոսքը, ուրեմն, արժեք ուներ: Լրագրողական ակնարկը՝ նույնպես:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ