Ասաց՝ ինձ «վայենի» շորերով կթաղեք. Սողոմոն Քոչարյանը մահացավ

Ասաց՝ ինձ «վայենի» շորերով կթաղեք. Սողոմոն Քոչարյանը մահացավ

Ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող եւ միայն վերջերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացել է: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Զինա Քոչարյանը:



Նա նշեց, որ որդին մահացել է գիշերը 0115-ին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Զինա Քոչարյանն ասաց, որ դիակը դեռ դիահերձարանում է, օրվա ընթացքում կորոշեն հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամն եւ վայրը:



 



«Չորս օր է՝ տանջվում էր, ցավերի մեջ, կոկորդը խեղդում էր, երեկ մահացավ, ասաց՝ ինձ վայենի շորերով կթաղեք ու վերջ, ընկերները արդեն բերել են վայենի շորերը, չգիտեմ՝ կարող է Եռաբլուր տանեն, կորոշվի էսօր»,-ասաց Սողոմոն Քոչարյանի մայրը:



 



Նշենք, որ Սողոմոն Քոչարյանն 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում էր: Նա տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային քրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով։ 



Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը  որոշում է կայացրել, համաձայն որի` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվեց:



Նա մահապատժի էր դատապարտվել 1995-ին` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման։



Պատժի կրման ընթացքում Սողոմոն Քոչարյանի կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը 19 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել: