«Այո»-ի եւ «ոչ»-ի պայքարում կարող է հաղթել անտարբերությունը

«Այո»-ի եւ «ոչ»-ի պայքարում կարող է հաղթել անտարբերությունը

ՕԵԿ փոխնախագահ, իմ շատ սիրելի Հեղինե Բիշարյանը կարծում է, որ եթե գրանցամատյանների վրա առավոտից երեկո նստեն «ոչ» ասող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ապա հանրաքվեն չի կեղծվի, եւ արդյունքն էլ կլինի «ոչ»-ը: Մի քիչ համաձայն չենք տիկին Բիշարյանի հետ: Բանն այն է, որ եթե քաղաքացին եկավ քվեարկության, գրանցամատյանը փեշի տակ էլ պահեն, միեւնույն է, ստիպված են լինելու գրանցել նրան եւ քվեաթերթիկ տալ: Իսկ թե ինչպես կքվեարկի քաղաքացին, դա արդեն գրանցամատյանը պինդ գրկած հանձնաժողովի անդամին չի վերաբերում:



Նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ քվեաթերթիկ հատկացնողն էլ պետք է «ոչ»-ի ճամբարից լինի, քվեատուփի մոտ նստողն էլ, հանձնաժողովի քարտուղարն ու նախագահն էլ, որովհետեւ նրանք բոլորն էլ պարտավոր են որոշակի զգոնություն ցուցաբերել ողջ գործընթացի ժամանակ:



Մյուս կողմից էլ՝ օրենքը բոլոր հնարավորություններն ընձեռում է, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչներն ընդգրկվեն հանձնաժողովներում եւ վիճակահանությամբ որ սեղանի մոտ էլ հայտնվեն, կարողանան վերահսկել իրավիճակը: Էլ չենք խոսում վստահված անձերի եւ դիտորդների ինստիտուտի մասին, որ նույնպես լայն վերահսկողական ֆունկցիա կարող է իրականացնել:



Բազմաթիվ ընտրությունների ենք մասնակցել թե որպես հանձնաժողովի նախագահ, թե որպես քարտուղար եւ թե որպես հանձնաժողովի անդամ: Ամենահետաքրքիրն ընտրությունների հաջորդ օրն է:



Առավոտյան, քանի որ սիգարետը վերջացած է լինում, առաջին գործս մեր հարեւան Շմավոնի կրպակ մտնելն է:



- Բարի լույս, Շմավոն, ո՞նց ես…



- Էհ, ո՞նց պիտի լինեմ, տեսա՞ր ինչ արին: Էլի չկարողացաք պահել:



- Ի՞նչը չկարողացանք պահել, Շմավոն:



- Որ չլցնեն:



- Ի՞նչը չլցնեն, Շմավոն:



- Յաշիկը:



- Շմավոն, չեն լցրել, մարդկանց բերել են: Իսկ բերովիներն էլ իրենց են ձայն տալիս: Ես ի՞նչ պետք է անեմ այնտեղ, երբ մարդն անձնագրով գալիս է, իսկ անունն էլ ցուցակում կա:



- Էդքան բերել կլինի՞։



- Շմավոն, բերում են, բերման են ենթարկում, վախեցնում են, ստիպում են, առնում են:
Ցույց է տալիս, թե ասածներիցս զարմանում է:



- Ինչ անում՝ ներսում եք անում:



- Սիգարետ տուր, հա՞:



Ձգում է…



- Մեկը ինձ՝ ոչ ոք չի բերել:



- Մեկը դու՝ իրենց ես ձայն տվել, չէ՞:



- Չէ:



- Լավ, էլի, Շմավոն, հլա աչքերիս մեջ նայիր:



- Ըհը…



Նայեց մի ակնթարթ ու շրջվեց, որ դարակի վրայից սիգարետ տա:



- Ամոթ բան չկա դրա մեջ, Շմավոն, բայց հետո մի բողոքիր, որ աշխարհը ծուռ է: Ոչ թե աշխարհը, այլ մենք ենք ծուռ, ծուռ ենք քվեարկում, բարեկամ: Վաղն ասելու ես՝ հարկայինը պլոկում է, թաղապետարանը պլոկում է, հարկերը շատ են, առեւտուր չկա: Ես իմ հարեւաններին ճանաչում եմ, Շմավոն, բոլորն էլ ընտանիքներով եկել-քվեարկել են, բայց ում առավոտյան տեսնում եմ, հարցնում է՝ տեսա՞ր ինչ արին: Ի՞նչ արին: Բերեցին, կամ եկաք քվեարկեցիք: Սա է պատկերը: Դուք տոկոս եք խփել՝ իշխանություննե՞րն են մեղավոր:



Հանրաքվեն, իհարկե, նախագահի կամ ԱԺ ընտրություն չէ: Հանրաքվեի ժամանակ ստիմուլը տարբեր է թե կազմակերպիչների եւ թե քվեարկության մասնակիցների համար: Բայց հանրաքվեի մասին օրենքում մի շատ հետաքրքիր կետ կա այն մասին, որ մինչեւ որոշակի թվով մարդ չմասնակցի հանրաքվեին եւ «այո» չասի, այն չի կարող անցած համարվել: Այսօր այդ թիվը մոտ է 700 հազարի: Իշխանությունները, եթե, իհարկե, շատ են ուզում այս բարեփոխումները, հենց այդքան «այո» պետք է ապահովեն: Ինչպե՞ս:



Մեզ չի թվում, թե այսօր Հայաստանում 700 հազար կամավոր «այո» ասող կճարվի, որովհետեւ մարդիկ տակավին չգիտեն՝ ինչո՞ւ գնալ եւ «այո» ասել: Բայց մարդիկ նաեւ չգիտեն՝ ինչո՞ւ գնալ եւ «ոչ» ասել: Ավելին՝ հասարակության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ սրանից իրենց կյանքը չի փոխվելու: Դա նպաստում է կրավորական կեցվածքի ձեւավորմանը, ակտիվության թուլացմանը, ինչը լուրջ սպառնալիք է գործընթացի տապալման տեսանկյունից:



Նախագահի եւ ԱԺ ընտրությունների ժամանակ թեկնածուներն ու քաղաքական ուժերը հասարակությանն ակտիվության կոչեր են անում, ամեն մեկն իր ընտրազանգվածին է ոտքի հանում: Այս դեպքում «ոչ»-ի կողմնակիցներն առավելություն են ստանում: Առավելություն ոչ միայն իրենց ընտրազանգվածի, այլ նաեւ պասիվ եւ ավելի պասիվացող զանգվածի հաշվին: Իսկ պասիվ հատվածը Հայաստանում այսօր 60-70 տոկոսից պակաս չէ:



Նույնականացման քարտերով քվեարկության արտոնումը, իհարկե, որոշակի ազդեցություն կունենա պասիվության հաղթահարման հարցում, բայց նույնիսկ դա որոշիչ չի կարող լինել, եթե իշխանությունները չդիմեն խայտառակ կեղծարարությունների: Ի վերջո, նույնականացման քարտ ունեցող 182 հազար քաղաքացին էլ ակտիվ չէ:



Մատների թանաքոտել- չթանաքոտելու հետ կապված՝ իշխանությունները հաճախ էին հղում կատարում մեր ընտրողների ազնվությանը եւ բարեկրթությանը: Ասում էին՝ վստահենք մեր ընտրողին: Ոզնուն էլ հասկանալի է, որ իրականում հարցը ոչ թե ընտրողի, այլ հենց իշխանությունների հանդեպ վստահության մասին է, որը պարզապես չկա, գոյություն չունի, մեր նոր անկախության տարիներին չի ձեւավորվել: Խնդիր չկա, վստահենք մեր ընտրողին, թույլ տանք նույնիսկ առանց փաստաթղթի քվեարկել՝ ո՞ր գյուղում կամ թաղում միմյանց չենք ճանաչում: Բայց ո՞վ է ընտրողին միշտ տարել կրկնակի քվեարկության, ո՞վ է կարուսել սարքել, ո՞վ է մեռելներին կենդանացրել, արտագաղթածներին մի քանի ժամով վերադարձրել: Եվ հիմա խոսում են՝ ուրեմն չե՞նք կարող ընտրողին վստահել: Չէ, պարոնայք, մենք ընտրողին վստահում ենք, բայց այնպես արեք, որ նախ ձեզ վստահեն:



Ի՞նչ երկարացնեմ: Անձամբ ես «այո» եմ ասելու բարեփոխումներին եւ շատ կուզենամ, որ հենց այդպիսի ելք ունենա այս հանրաքվեն: Իսկ եթե իմ «այո»-ն պետք է խառնվի սարքովի «այո»-ների հետ, ապա դա ինձ պետք չէ: Նույն կեցվածքը ես ակնկալում եմ նաեւ «ոչ»-ի կողմնակիցներից: Նրանք պետք է գիտակցեն, որ եթե այդ «ոչ»-ը հաղթում է պասիվ հատվածի հաշվին, դա դեռ իրենց շնորհքն ու հաղթանակը չէ: Դա, եթե կուզեք իմանալ, կլինի ամբողջ հասարակության եւ առաջին հերթին նրա ակտիվ հատվածի պարտությունը, իսկ ընդդիմությունը, սա արդեն գաղտնիք չէ, բոլոր տիպի հասարակություններում ամենաակտիվն է։