Շոուներ անելով՝ մարդկանց կարծիքը չի փոխվի

Շոուներ անելով՝ մարդկանց կարծիքը չի փոխվի

«Ա1+»-ի եւ «Արմնյուզի» համատեղ նախագիծը՝ «Այո-ոչ» ռեալիթի շոուն, արդեն մի քանի օր հեռուստաեթերում է, քաղաքական գործիչները շրջում են ՀՀ մարզերով, հանդիպումներ ունենում գյուղացիների հետ, փորձում մտերմիկ խոսք ու զրույցի միջոցով բացատրել Սահմանադրության փոփոխությունների իմաստը։ Ռեալիթի շոուն, որ եթեր է հեռարձակվում օրական 10 ժամով, եթերում է լինելու 20 օր։



Երգահան Արտավազդ Բայաթյանը հատուկ չի հետեւում ռեալիթի շոուին, բայց հասցրել է որոշ բաներ տեսնել, ինչն առանձնապես մեծ հետաքրքրություն չի առաջացրել. «Որովհետեւ ընդհանրապես չեմ էլ հասկանում, թե այս պահին սա ինչ քաշքշուկներ են, եւ ում է պետք այդ ամեն ինչը։ Բոլորի համար էլ պարզ է, որ եթե ինչ-որ բան են ուզում ստանալ, ապա փող են ծախսում, որ ստանան, եւ էլ հաշվի չեն առնում նպատակահարմարությունը՝ գումարային իմաստով։ Այսինքն, ինչքան գումար պետք է, կծախսեն, որ ստացվի»։



Բայաթյանը չի կարծում, թե այս ռեալիթի շոուի արդյունքում գյուղերում եւ մարզերում մարդկանց իրազեկվածությունը կբարձրանա. «Ինձ թվում է՝ սա սովորական բան է, իսկ թե արդյունքն ինչ պետք է լինի, կարծում եմ՝ արդեն որոշված է... ես ընդհանրապես ոչ մի արդար լուծում չեմ էլ սպասում։ Ու որպեսզի ցույց չտան, որ կամայական ինչ-որ բան արվեց, հիմա ինչ-որ բեմադրություն է կատարվում, որ ասեն «հա», եւ էն մարդիկ, որ ասում էին՝ չենք ուզում, հիմա ասեն՝ ուզում ենք։ Ես դրան այդպես էլ նայում եմ։ Ինձ չի թվում, որ շոուներ անելով՝ մարդկանց մոտեցումը կամ կարծիքը կարող է փոխվել, այդպես հնարավոր չէ»։



Ըստ երգահանի՝ «Ոչ-ի» ճակատը կարծես եթերում այդքան էլ համոզիչ չէ, եւ բնական է, որ եթերաժամանակն էլ «այո-ին» շատ կտրամադրվի։ «Իշխող կողմն ունի բոլոր հնարավորությունները ոչ թե օրենքը խախտելով, այլ նույնիսկ օրենքի սահմաններում անել այն, ինչ իրենց ձեռ է տալիս, ո՞ր մեկն այդպես չի անում, այդպես էլ շարունակվում է, նորություն չեմ տեսնում, ով էլ լիներ, իրենց օգտին օգտագործելու էին դա»,-ասաց նա, ապա հավելեց, որ մեզ մոտ փորձի պակաս չկա, տասնյակ անգամ ընտրություններ եղան, ու ամեն ինչն էլ նույն ձեւով ընթացավ՝ կաշառքներ, ցուցադրական սուտ բաներ. «Ես շատ կասկածում եմ, որ ինչ-որ մի բան ուրիշ ձեւ կլինի, նույն բանը կատարվում է եւ հիմա, որովհետեւ հիմքում այդպես է դրված, եւ նույն ձեռագիրն է»։



Դերասան Աշոտ Ադամյանը բացասաբար է վերաբերվում նման ռեալիթի շոուներին, որովհետեւ շոուների դաշտում այս տարիների ընթացքում դեռ որեւէ որակ չի տեսել, որի գագաթնակետն է, ըստ նրա՝ «Այո-ոչ»-ի այդ «անշնորհք, անտաղանդ շոուն». «Ապակողմնորոշելու, լղոզվածության շղարշը բոլորի աչքերին քողով հագցնելու նախաձեռնություն է, իհարկե, ֆինանսավորվող է, բայց ճշմարիտ խոսքը ֆինանսավորման կարիք չի զգում, այդ խոսքը բոլորի հոգու մեջ թեւածում է, փող պետք չի տալ, որպեսզի ճշմարտությունը հնչի»։



Դերասանը նշեց, որ առանձնապես չի հետեւում այդ շոուին, որովհետեւ չի ուզում նայել, չնայած որոշ պատառիկներ աչքով ընկել են, այդքանով հանդերձ, կարող է ասել, որ շոուն շատ ծիծաղելի է ստացվել, ինչի առիթով շնորհավորում է. «Շատ ուրախ եւ ողբերգական շոու է»։