Մենք կռվում ենք Չինգիզ խանի դեմ, ով ուզում է թող անցնի մոնղոլների բանակ

Մենք կռվում ենք Չինգիզ խանի դեմ, ով ուզում է թող անցնի մոնղոլների բանակ

Դեկտեմբերի 1-ի հանրահավաքին ընդառաջ այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին աջակցող մտավորականները հանդիպեցին լրագրողների հետ ու իրենց մտահոգությունները բարձրաձայնեցին այսօրվա իրավիճակի հետ կապված։



Բանախոսներից գեղանկարիչ, ազատամարտիկ Նիկոլ Աղաբաբյանը նշեց, որ եթե չկարողանանք այս իշխանության վայրագությունների դեմն առնել, ապա, բացառված չէ, որ Հայաստանը կորցնենք։ Նա նկատեց, որ այսօր երկրում ամեն ինչ նպաստում է նրան, որ Հայաստանը թուլանա եւ արտագաղթի չափերն էլ մեծանան. «Միտինգներից բացի պետք է մտածենք, թե էլ ինչ քայլեր պետք է անենք։ Այսօրվա իշխանությունները ոչ մի հայանպաստ քայլ չեն արել եւ չեն անելու, օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից»,-ասաց նա, ապա դիմեց ոստիկաններին, հիշեցնելով, որ իրենց գործառույթը ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելն է. «Բարի եղեք այդ սահմաններից չանցնել, այս երկիրը նաեւ ձեր երկիրն է, բոլոր հրամանները չէ, որ պետք է խոնարհությամբ կատարեք»։



Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ, գիտնական Հարություն Կարապետյանն էլ նշեց, որ եթե գիտնականներն իրենց ազգի մասին մտածում են, ապա դեկտեմբերի 1-ին պետք է գնան Ազատության հրապարակ։ Նա նկատեց, որ միայն Հայաստանի զարգացումը կբերի գիտության զարգացմանը, ապա փաստեց, որ արտագաղթը մեծ չափերի է հասել նաեւ երիտասարդ գիտաշխատողների շրջանակում։



Դրամատուրգ, մշակութաբան Խաչիկ Չալիկյանն էլ արձանագրեց, որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է եւ մեր աչքի առաջ մեր հոգեւոր հայրենիքը կորցնում ենք. «Չկան տարբեր «Ոչ-եր», կա մի «Ոչ» եւ մի սատկած «Այո», ովքեր դավաճանի դիրք են բռնել, սա քաղաքակրթական խնդիր է, ոչ թե ընդդիմության եւ իշխանության։ Մենք կռվում ենք Չինգիզ խանի դեմ, ով ուզում է թող անցնի մոնղոլների բանակ»։ Նա նշեց, որ իրեն ավելի շատ մտահոգում է դեկտեմբերի 7-ը, եթե հանկարծ հերթական անգամ կեղծեն արդյունքները, բայց հույս ունի, որ դեկտեմբերի 1-ին ժողովուրդը կարթնանա։ Չալիկյանն անընդհատ խոսքի մեջ դեկտեմբերի 1-ը մարտի 1- էր ասում, ու ինքն էլ շտապում իրեն ուղղել՝ նկատելով. «Աստված չանի հանկարծ կրկնվի»։



Նիկոլ Աղաբաբյանը նաեւ կոչ արեց, որ ամեն հայ իր անելիքը չթողնի ուրիշի վրա եւ Ժիրայր Սեֆիլյանը պարտավոր չէ բոլորի համար նահատակվել հազար անգամ։ Նա շեշտեց, որ հավատում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին։ Գեղանկարիչը նկատեց, որ իր շատ մտավորական ընկերներ ավելի խիստ են խոսում, բայց վախենում են իրենց կարծիքը բարձրաձայնել. «Հերիք է վախեցած լինեք, վախկոտ մարդու ստեղծածը ի՞նչ կլինի։ Եթե ճնշվեցիր, վաղն ավելի ահարկու են բամփելու, պետք է հակազդես, ինչքան կարելի է փախչել»։ Գեղանկարիչը խեղկատակություն անվանեց հանրաքվեին ընդառաջ «Այո-Ոչ-ի» ռեալիթի շոուն, երբ քաղաքական գործիչները գյուղերն են գնում, կարտոֆիլ մաքրում, «մայմունություն անում»։ Նա նաեւ նկատեց, որ Այո ասողների 90 տոկոսը «Ոչ» ասողներն են՝ իշխանության մանկլավիկները եւ հիմա իրավիճակն այնպիսին է, որ անգամ փող ունեցողներն են դժգոհ։