Regnum-ը՝ որպես քաղաքականության հայելի

Regnum-ը՝ որպես քաղաքականության հայելի

Ռուսաստանյան հայտնի գործակալությունը խիստ ուշագրավ հրապարակում է արել՝ «Ղարաբաղյան կարգավորման Լավրովի ծրագիր գոյություն չունի»: Վստահաբար կարելի է ասել, որ դա Ռուսաստանի ԱԳՆ պատասխանն է վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի արած հայտարարությանը: Մամեդյարովը պաշտոնապես հաստատել էր, որ ՄԽ մյուս համանախագահ երկրների համաձայնությամբ Ռուսաստանը ներկայացրել է որոշակի առաջարկություններ, որոնք քննարկվում են:
Տպավորություն է, որ Մամեդյարովը Թուրքիայի կողմից ռուսաստանյան Cy-24-ը խոցելուց հետո նման «գաղտնազերծում» թույլ էր տվել մի պարզ ակնկալիքով՝ Մոսկվան կշարունակի՞ մոդերացնել այդ առաջարկությունները, թե՞ ոչ: Պատասխանը հնչեցվել է regnum-ի քաղաքական մեկնաբանի մակարդակով:



Մինչեւ վերջ անկեղծ լինելու դեպքում հեղինակը պետք է ձեւակերպեր, որ «Ղարաբաղյան կարգավորման Լավրովի ծրագիր այս պահին (այլեւս) գոյություն չունի», բայց դա կլիներ շատ ճակատային. Ռուսաստանում, ինչպես երեւում է, դեռ հույս են փայփայում, որ Ադրբեջանը կկարողանա հաղթահարել Թուրքիայի դիվանագիտական ճնշումը եւ չի գնա Մոսկվայի հետ հարաբերությունների կոնսերվացման:



Ի՞նչ ընթացք կունենան ռուս-թուրքական եւ դրանցով միջնորդավորված՝ թուրք-ադրբեջանական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ գուշակություններ անելու համար պետք է պայծառատես լինել: Մեզ համար էական է, որ ռուսաստանյան ռմբակոծիչի խոցումը որոշակիորեն քողազերծել է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի գոնե գործիքակազմը:



Այս իմաստով հավանական է, որ ռուսաստանյան Cy-24-ի խոցումը, ինչից հետեւողականորեն «ձեռքերն են լվանում» ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն, խորքում ոչ թե թուրքական ագրեսիայի, այլ՝ ռուս-թուրքական հարաբերությունները փչացնելու կանխածրագրի հետեւանք է, իսկ Ռուսաստանը Թուրքիայից ոչ այնքան «ներողություն», որքան «խոստովանություն» է սպասում:



Regnum-ի մեկնաբանը հարկ է համարել ընդարձակ մեջբերում անել Հայաստանի էքս-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածից, որի՝ ԼՂ բանակցային գործընթացին Ռուսաստանի կողմից «նոր ավյուն հաղորդելու» մասին հատվածն էլ, ըստ էության, որոշակի «գաղտնազերծում» կարելի է համարել:



Պրոլետարիատի առաջնորդ Լենինը Տոլստոյի ստեղծագործությունը համարում էր «ռուսական հեղափոխության հայելի»: Կարելի է ասել, որ regnum-ն էլ ռուսաստանյան քաղաքականության «հայելին» է: Պատկերը բավական հստակ է, որպեսզի բավարար վստահությամբ արձանագրվի, որ, հավանական է, մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի լինի: Լավրովի «ծրագիրն» այլեւս օրակարգային չէ, նորը ներկայացնելու համար ժամանակ եւ, ամենակարեւորը, համանախագահ երկրների միջեւ սկզբունքային համաձայնություն է պետք:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ